24.06.2019 15:31

Բան փոխվել է. առնվազն՝ ՀՀԿ-ական ցինիկ պաշտոնյաները

Բան փոխվել է. առնվազն՝ ՀՀԿ-ական ցինիկ պաշտոնյաները

Հեղափոխության առաջին իսկ օրվանից հետո նախկինները՝ ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ամերձ շրջանակները, քոչարյանականներն ու այդ երկու կենտրոնների քարոզիչները, կարմիր թելով նույն քարոզչական գիծն են տանում. բան չի փոխվել:

Հատկապես այս հարցում ակտիվ են ՀՀԿ-ական օդիոզ դեմքերը, էն դեմքերը, որ ի տարբերություն իրենց խմբակցության պատգամավորների մեծ մասի՝ գրել-կարդալ գիտեին եւ բոլորի փոխարեն ԱԺ ամբիոնից տարիներ շարունակ ցինիկ լոլոներ էին կարդում հանրության գլխին, հայտարարում, որ երկրում ամեն բան հրաշալի է, իրենք՝ խելացի ու անփոխարինելի (ուստի բոլոր քաղաքական ճանապարհները պիտի այսուհետ անցնեն Մելիք-Ադամյան փողոցով), երկիրը հարստանում է, տնտեսությունը ծաղկում, կոռուպցիայի դեմ պայքարը՝ ուժգնանում, մի խոսքով՝ մի երանելի պետություն են կառուցում:

Եւ ոչինչ, որ այդ ամենն ասում էին ցինիկ անարձագանքությամբ՝ չնկատելու տալով իրականությունն ու մարդկանց բողոքը, չտեսնելու տալով իրականությունը:

Եւ հիմա էլ, երբ իրենք այլեւս իշխանություն չեն, դուրս են եկել «կեղծ հանդուրժողական ու բարեկիրթ» ներկայացող կերպարներից եւ արդեն ամենայն անկեղծությամբ ու բացահայտությամբ են ներկայանում, այնպիսին, ինչպիսին կան:

Ու հենց նրանք էլ մեզ օր ու գիշեր փորձում են համոզել, որ երկրում բան չի փոխվել: Որ ալիքը միացնում ես, որ կայքը բացում ես՝ նույն թեզը՝ բան չի փոխվել: Բայց այդ ամենն ավելի մի կարեւոր ենթատեքստ ունի:

Երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած այդ կիսամասնագետները այսօր երանությամբ են հիշում իրենց կառավարման ժամանակները՝ վերեւից դաս տալով «անփորձներին», եւ այս ամենն անում են միայն մեկ ենթագիտակցական մղումով: Նրանք բոլորից լավ են հասկանում եւ լավ գիտեն, թե տարիների իրենց փչացրածն իրականում որքան դժվար է ուղղել, ու որ 1-2-3 տարին բավարար չէ ոտքի կանգնելու համար: Բայց դա իրենց չի հետաքրքրում, բռնված հանցագործի ցինիզմով կրկնում են նույնը՝ բան չի փոխվել (աշխատավարձները կրկնակի չեն աճել եւ այլն, եւ, ի դեպ, պատահական չէ, որ ամենաշատը հենց մարդկանց գրպանի հարցն են շահարկում, որովհետեւ լավ գիտեն՝ որտեղից են տարել, եւ թե հիմա որքան դժվար է այդ տարածը տանել այնտեղ, որտեղ եղել է ի սկզբանե), փոխվել են միայն անձինք, իսկ եթե ոչինչ չի փոխվել, ուրեմն՝ էլ ի՞նչ տարբերություն՝ մե՞նք, թե՞ նորերը, ու եթե չի փոխվել, ապա նորերը խաբել են ձեզ, հետեւաբար, ավելի լավ չէ՞ր՝ մենք հետ գայինք:

Ահա վերադարձի այս անթաքույց մղումն է դրդում նախկիններին ակնհայտ նոստալգիայով խոսել անդադար՝ փորձելով մեզ համոզել, թե եթե գրպաններս մեկ օրում չեն լցվել, ուրեմն՝ բան չի փոխվել, ուրեմն՝ իրենք կարող են հետ գալ:

Բայց սրանք մի կարեւոր բան չեն հասկանում:

Այո, նորերը շատ թերություններ ունեն, բազմաթիվ սխալներ են արել եւ անում են, եւ դեռ կանեն (բայց դուք իրական սխալների մասին չեք էլ խոսում, թերեւս՝ որովհետեւ «խելքներդ չի հասնում» դրանք նկատել), այո, անփորձ են, այո, մեր գրպանների պարունակությունը չի կրկնապատկվել, բայց ասել, թե բան չի փոխվել՝ նշանակում է ստել կամ անմեղսունակ ձեւանալ: Որովհետեւ մի էական բան, այդուհանդերձ, փոխվել է՝ այն է, որ մենք այլեւս ստիպված չենք լինում ԱԺ ամբիոնից ու կառավարության նիստերի դահլիճից, բոլոր պետական միջոցառումներից տեսնել ձեր ցինիկ կերպարները եւ լսել ձեր ցինիկ, արհամարհական, պաթոսալի ճառերը: Այն, որ դուք արդեն իշխանության չեք, արդեն մեծ բան է: Դա նշանակում է, որ ահագին բան է փոխվել: Իսկ նորերի հարցը ժողովուրդն է որոշելու. լավ կաշխատեն՝ լավ, վատ կաշխատեն՝ ժողովուրդն ուրիշներին կընտրի: Բայց դա ձեզ՝ նախկիններիդ հետ որեւէ կապ չունի, դա ձեզ չպետք է առիթ տա կարծել, որ եթե անգամ նորերից մարդիկ հիասթափվեն՝ ձեզ հետ են կանչելու:

 

Պարգեւ Ապրեսյան