25.06.2019 17:08

Հ. Ուլոյան. Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն

Հ. Ուլոյան. Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն

Քաղաքացի Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է. 

«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած հարցազրույցի ժամանակ գերազանցում է ինքն իրեն` ստերի և մանիպուլյացիաների չափաբաժնով: Չկա նրա կողմից արտահայտված մի նախադասություն կամ միտք, որը ձևակերպված չլինի ստի կամ մանիպուլյացիայի հիման վրա:

1. Մեղադրյալ Քոչարյանը նախ հայտարարում է, թե «90-ական թվերն են եղել իսկական թալանի, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ», ապա պնդում է, որ ճիշտ է վարվել և չի փոշմանում, որ այդ ժամանակաշրջանի վերաբերյալ, իբր, չի տվել քաղաքական գնահատականներ:

Ընդամենը երկու փաստ.

ա) 19.09.1996թ., Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին.
«Ես կուզեի շեշտել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում և Սփյուռքում՝ նույնպես»:

բ) 30.11.1999թ., Քոչարյանի կողմից վավերացված ՀՀ կառավարության N 722 որոշում.
«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարևոր ձեռքբերումներ`
- ֆինանսական կայունություն, վերահսկվող և ցածր մակարդակ ունեցող սղաճ, բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականություն,
- միջազգային, այդ թվում` ֆինանսական կառույցներին անդամակցություն, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններ ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավ,
- տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնություն, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին,
- էներգետիկ ճգնաժամի հաղթահարում, 
- 1994 թվականից մինչ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճ,
- մարտունակ բանակի կայացում, հաղթանակը Ղարաբաղում և 1994 թվականից պահպանվող զինադադար,
- ժողովրդավարական պետության և շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայություն ու կանոնակարգված աշխատանք,
- Սահմանադրության ընդունում և դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձևավորում,
- խոսքի և մամուլի ազատություն,
- այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգ,
- բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթ,
- Հայաստանը ներգրավված է և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և տարածաշրջանային կառույցներին: Հայաստանը կարևորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին: Մենք հետևողական ենք մեր հարևանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձևավորման գործում»:

Ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր արձանագրել դեռևս 2007 թվականին` «Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քոչարյանին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է՝ հավերժական ու անջնջելի»:

2. Խոսելով Արցախի հարցից, Քոչարյանը հայտարարում է. «Մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, մենք միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է… որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների մասնակցության և առանց այն հանգամանքի, որ իրենք պետք է ընդունեն այդ որոշումը, որովհետև իրականացնողն իրենք են լինելու»:

Ըստ էության` ի՞նչ է սա, եթե ոչ այն նույն միտքը, ինչի համար Քոչարյանն արդեն 20 տարի է «մեղադրում» է Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանը 90-ականներից, Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը շեշտելու համար, մշտապես պնդում էր, որ «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին», իսկ Քոչարյանն այնընդունելի էր համարում այդ դիրքորոշումը, այն ներկայացնելով որպես «Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիների հարցն է»: Ավելին, Քոչարյանը նույնիսկ ամիսներ առաջ էր այդ դիրքորոշումն անընդունելի համարում, հայտարարելով, որ «Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե [ներկայիս] իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: … Այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում»:

Ու հիմա Քոչարյանը, «հանկարծ», խոսում է այն մասին, որ «որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների մասնակցության», որովհետև որոշման «իրականացնողն իրենք են լինելու»: Եվ այդ ի՞նչ «հանգամանքներով» բացատրել Քոչարյանի դիրքորոշման նման շեշտակի փոփոխությունը, եթե ոչ կոնկրետ Քոչարյանի սեփական շահերից բխող նպատակահարմարությամբ:

Քանի դեռ Արցախի իշխանավորների կողմից հայաստանյան իշխանությունների դեմ իրականացվող արշավը չէր սկսվել, Քոչարյանի համար Արցախին, Հայաստանի տեսանկյունից, ինքնորոշվելու իրավունք «շնորհելն» անընդունելի էր, քանի որ դա Արցախին «մեն-մենակ» թողնել էր, իբր, նշանակում, իսկ այժմ, երբ Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն ձեռնոց են նետում Հայաստանի իշխանություններին, այլև` հանդես են գալիս Քոչարյանին պաշտպանող տարբեր նախաձեռնություններով, այս իրավիճակում, արդեն, Քոչարյանը պնդում է, որ արցախցիներն իրենք պիտի վերջնական որոշում կայացնեն: Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախի հարցը Քոչարյանի համար ինչպես հանդիսացել, այնպես էլ շարունակում է հանդիսանալ բացառապես սեփական շահերին ծառայեցնելու գործիք, դժվար է պատկերացնել:

Այսպես շարունակելու դեպքում, համապատասխան մեխանիզմների առկայության պայմաններում, անկասկած, Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն»: