26.06.2019 17:10

Լիզա Ճաղարյան. Առնվազն տարօրինակ է, պարոն Վանեցյան

Լիզա Ճաղարյան. Առնվազն տարօրինակ է, պարոն Վանեցյան

Վերջապես պաշտոնազրկված ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը (հիշեցնեմ. որքան էլ տարօրինակ եւ նույնքան ամոթալի էր՝ չափազանց կասկածելի եւ ակնհայտ խոցելի կենսագրության տակ ճկռած այս պարոնը ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական էր) սպառնացել է. «Ես կաշկանդված էի, հիմա որեւէ կաշկանդում չունեմ՝ բարոյական առումով։ Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր»։

Տարօրինակ չէ ամենեւին, որ բարոյականության մասին բարձրաձայնելիս այս պարոնի լեզուն կապ չի ընկնում, եւ որ իր կաշկանդվածության մասին խոսում է մի արարած, որը հանրությանը հայտնի է դարձել միմիայն լկտի լեզվաշարժության անկաշկանդությամբ։

Մենք արդեն վաղուց ընտելացել ենք, որ ռոբասերժական Հայաստանում օրենքի գերակայության մասին ճամարտակում են հանցագործները, թալանի ու կոռուպցիայի դեմ՝ «վաստակաշատ» գողերը, մարդասիրության դասեր են տալիս մարդասպաններն ու սադիստները, իշխանության զավթման մասին աղաղակում են «վետերան» իշխանազավթիչները, ԶԼՄ-ների անաչառության դեմ ոտնձգությունների մասին ահազանգում են ծախու գրչակները, Եկեղեցու դերի ու նշանակության մասին էլ՝ թվարկվածները միասին վերցրած, եւ այսպես շարունակ։

Տարօրինակ չէ նաեւ, որ Իսագուլյանը ներկայանում է որպես Հայաստանում եւ Հայաստանի շուրջը կատարվող ցանկացած իրադարձության ամենաքաջատեղյակը։ Գաղտնիք չէ, որ սովետական կագեբեի թրի տակով անցածներից միայն Իսագուլյանը չէ, որ այսպես անվերադարձ ախտահարված է. սրանք մինչեւ իրենց կյանքի վերջը չեն կարողանում ազատագրվել շպիոն Օնիկի «վեհ կերպարի լուսապսակից», հպարտանում են իրենց կագեբեական անցյալով, որովհետեւ ակնհայտ է՝ ուրիշ հպարտանալու բան չունեն։

Ես ժամանակ չեմ կորցնի փորփրելու համար, թե ինչպես Իսագուլյանը դարձավ ՀՅԴ անդամ, ինչու հեռացվեց այս հոգեհարազատ կուսակցությունից, ինչու էր տեւական ժամանակ ընդհատակ անցել եւ ինչու Քոչարյան Ռոբերտի ու Սարգսյան Սերժիկի իշխանության տարիներին՝ տեռորիստական հակումներով այս պարոնը դարձավ մեկ՝ Քոչարյանի, մեկ էլ՝ Ս. Սարգսյանին անփոխարինելի խորհրդականը, իսկ հետո պարզվեց, որ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության պռոշն էլ է ճաքել Իսագուլյանի խորհուրդների կարոտից։

Ինչու՞։ Դժվար չի, չէ՞, հասկանալը, մանավանդ՝ ինքը չի էլ փորձում թաքցնել, որ այս արարածն ընդգծված թուլություն ունի հանցագործների նկատմամբ, որ չի խորշում ամենաստոր մեթոդներով պայքարից իր շեֆ հանցագործների անդորրը խախտողների դեմ, որ ոչ մի սրբություն չունի, եւ որ ամենագարշելի սուտն էլ բարբաջելիս՝ չի կակազում, եւ որ այս պարոնին է վստահված ամենաեղկելի կեղծիքներ բարձրաձայնելու «պատիվը»։

Եվ եթե նույնիսկ համակերպվենք այն իրողությանը, որ Իսագուլյան Գառնիկի նմաններն էլ իրավունք ունեն ապրելու եւ գարշահոտ աղբ «արարելու», ահաբեկչական ենթատեքստով սպառնալիքներ շաղ տալու այս արեւի տակ ու անպատիժ մնալու, այնուհանդերձ՝ ԱԱԾ ներկա ղեկավար պարոն Վանեցյանին չի՞ անհանգստացնում, որ գարշահոտ տարածելիս Գառնիկ Իսագուլյանը վկայաբերում է հենց իրեն, այսինքն թե՝ Գառնիկը նստում-վեր է կենում ԱԱԾ ներկա ղեկավարի հետ, քաջատեղյակ է, թե Վանեցյանի ձեռքի տակով ինչ փաստաթղթեր են անցնում, եւ մի քիչ էլ եթե ջանք թափի, գուցեեւ համոզի, որ չնայած այլեւս վերոգրյալ ներկայացուցչության խորհրդական չի այլեւս, բայց ներկա ԱԱԾ-ի ղեկավարի անփոխարինելի գաղտնի խորհրդականն է։

Իրո՞ք հարգարժան Արթուր Վանեցյանին չեն մտահոգում հանրության աչքում այսչափ վարկաբեկված այս մարդու անկաշկանդ ամբարտավանությունը, նոր իշխանություններին «Հոկտեմբերի 27-ի» կրկնություն «կանխագուշակող» ու «շատ դաժան օրեր» խոստացող այս արարածի գործունեությունը։

Եթե չեն մտահոգում, առայժմ բավարարվեմ «տարօրինակ է» տարակուսանքով։