26.06.2019 18:07

Թրամփին ուզում են արգելել հարձակվել Իրանի վրա՝ առանց Կոնգրեսի համաձայնության

Թրամփին ուզում են արգելել հարձակվել Իրանի վրա՝ առանց Կոնգրեսի համաձայնության

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Մեթ Գեթցը և դեմոկրատ Ռո Հաննան, առաջարկել են երկրի պաշտպանական բյուջեի քննարկվող նախագծում լրացում կատարել, որը կարգելի նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ՝ առանց օրենսդիրների համաձայնության:

Փաստաթղթի ամբողջական տեքստը հրապարակվել է Գեթցի կայքում:

Կոնգրեսականի խոսքով՝ «աննպատակ և անվերջ պատերազմները Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին ավելի թույլ են դարձնում, այլ ոչ թե՝ ավելի ուժեղ: Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստանա և սպառնա ամբողջ աշխարհին, սակայն Կոնգրեսը պետք է հասնի նրան, որ ցանկացած ռազմական գործողություն իրականացվի ամերիկյան Սահմանադրությանը համապատասխան»,- շեշտել է Գեթցը:

Հաննան նշել է, որ «լրացումը նախազգուշական միջոց է՝ Իրանի դեմ Թրամփի միակողմանի գործողությունների դեպքում»: «Նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ պետք է վերջ տալ թանկ արժեցող պատերազմներին արտասահմանում, սակայն նա չի կատարում իր խոստումը»,- ասել է Հաննան:

Քիչ հավանական է, որ օրենսդիրների քննարկմանը ներկայացված լրացումը կընդունվի. դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Թրամփի քաղաքական ընդդիմախոսների՝ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատի հավանությունը, այլև Սենատի, որտեղ մեծ մասամբ Թրամփի կուսակիցներն են:

Փոխանցում է tass.ru-ն: