28.06.2019 13:41

Արսեն Գրիգորյան. Երիտփորձանքների մեռած իրականությունը

Արսեն Գրիգորյան. Երիտփորձանքների մեռած իրականությունը

Ռոբերտ Քոչարյանի քարոզչամեքենան իրականում մեծ դաշտ է ընդգրկում: Կարելի է ասել՝ դաշտը հենց իրենն է: Փեսա Մինասյանը բոլոր գործիքները հանձնել է:

Բայց մի հետաքրքիր բան կա: Նախկինում Քոչարյանը եւ իր թիմը, հետագայում՝ նաեւ Սերժ Սարգսյանը, իրականության զգացում չունեին, բոլոր քարոզչամիջոցներով նրանք մեզ համար ստեղծում էին իրականություն ու մնում տակը: Իրականությունը նրանց համար պանել էր, մեզ համար՝ բամբակ, մեզ ոչինչ չէր ասում, իսկ նրանք վարի էին գնում: Կարճ ասած, իրենք ստեղծում էին էդ իրականությունը, իրենք ապրում նրա մեջ ու հավատում, որ դա է իրականությունը: Խնդիր էին լուծում: Ես չգիտեմ, թե ում էին փորձում համոզել, որ դա է ճիշտը, բայց խնդիր էին լուծում:

Այսօր նրանք բառացիորեն նույն խնդիրն են լուծում: Աշոտյանը նույն լրատվամիջոցներում ունի ասպարեզ, Վազգեն Մանուկյանն ունի, Հրայր Թովմասյանն ունի, նույնիսկ, ասում են, «սբխեչի ուլն» է հայտնվել: Ու բոլորը մի քանի «նվագախմբի» գործիքների ձայներով մե՛կ դատապարտում են խոսքի ազատության վտանգումը, մե՛կ Քոչարյանին հռչակում են քաղբանտարկյալ, մե՛կ Վահե Գրիգորյանին  են մեկնաբանում՝ առանց նրա բառերը ճշգրիտ մեջբերելու: Այսինքն, սկզբից կառուցում են իրենց իրականությունը, հետո գտնում են թեմաները, որ նրանցով սվաղեն: Եվ այս ամենը անում է իրենց պոչից կցած երիտփորձանքների մի ամբողջ բանակ:

Այն ժամանակ, - այստեղ փակագծերը բացենք, - պարզ էր, թե ինչ խնդիր էին լուծում՝ իրականությունը ծաղկեցնում էին, որպեսզի պատճառ ունենային ընտրությունները կեղծելու, որովհետեւ «գեղեցիկ իրականության» մեջ տրամաբանական է, որ իրենք պիտի հաղթեին: Այսինքն, չի կարող իրականությունը լինել անհոգ, ու իրենք պարտվեն, չի կարող երկիրը վագրի թռիչքներով առաջանալ, ու իրենք պարտվեն: Հենց այդ տրամաբանությամբ էլ մարտի 1-ին անխուսափելի դարձավ զենքի գործադրումը՝ մենք էդքան փող թափել ենք, էդքան հեքիաթներ պատմել ենք, էդքան ընտրակաշառք բաժանել ենք, նույնիսկ արդյունքներն ենք կեղծել, բայց հաղթել չի ստացվում: Հետեւաբար՝ կրակելուց բացի ուրիշ բան չի մնում:

Իսկ հիմա ինչու՞ են նման բան անում, երբ ոչ զենք կա ձեռքներին, ոչ իշխանություն, միայն լրատվամիջոցներ: Անում են, որովհետեւ շարունակում են հոխորտալ իրենց ստեղծած իրականությունից, այնտեղ ոչինչ չի փոխվել, այնտեղ իրենք հզոր են, այնտեղ ծափ-ծիծաղ է, ու ինչ-որ մարդիկ դա չեն հասկանում: Ինչ-որ քոչարյանապաշտ նույնիսկ գրում է՝ ահագնացել է մեր դեմ իրականացվող քարոզչությունը: Եվ ո՞վ կարող է այս երիտփորձանքին բացատրել, որ ձեր դեմ քարոզչության կարիք չկա, հակաքարոզչությունն իրականացվում է ուժերի հավասարակշռությունը խախտելու համար, իսկ դուք նույնիսկ փոքրամասնություն չեք: Իսագուլյան Գառնիկի կամ Մանուկյան Վազգենի դեմ ի՞նչ հակաքարոզչություն իրականացնես: Իշխանությունը կարիք ունի՞ ասելու ավելին, քան իրենք ասում են իրենց մասին: Բնավ: Հետեւաբար, նրանք նման են այն սողուններին, որոնք միջավայրի զգացումը կորցնելուց հետո կրծում են իրենց պոչը: Այսինքն, դրանից ուրիշ ոչ ոք չի տուժելու:

Նույնիսկ վստահ եմ, որ այս ամենը հասկանալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ավելի թեթեւ կնստի, քան չիմանալով: Գոնե կհասկանա, թե ինչպես իր պաշտպանությունն իրականացնի ընդդեմ ճշմարիտ իրականության: Այլապես երբեք քննություն չբռնած հեքիաթներով նույնիսկ Վենետիկի հանձնաժողովին չես համոզի, որ հենց այնպես ես նստել: