28.06.2019 16:11

Գերիների փոխանակում

Գերիների փոխանակում

ԱԳՆ-ն հաղաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրեց ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:

Հունիսի 28-ին Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվեց Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի: Հունիսի 28-ին Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը»:

Ավելի ուշ, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է News.am-ի հարցին, թե արդյո՞ք  սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր:

Նաղդալյանը նշել է. «Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:

Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:

Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ»: