28.06.2019 19:39

Նախկինների կոկորդից «մարտի 1-ի գործը» հանողը

Նախկինների կոկորդից «մարտի 1-ի գործը» հանողը

Հրայր Թովմասյանը նախանձելի վիճակում չէ: Մի կողմից՝ պաշտոնավարման իր անձնական հարցն է, մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի հարցը: Նրան պարբերաբար հիշեցնում են, որ ինքը պիտի «չհանձնվի», քանզի առաքելություն ունի` նախկին իշխանությունների կոկորդից մաքրել մարտի 1-ը: Սա, չզարմանաք, հենց իր ձեւակերպումն է:

Բայց մինչ այդ հիշեցնենք, որ երբ նոր Սահմանադրության հեղինակներից մեկին` Թովմասյանին, նախկին իշխանությունները` ի դեմս ՀՀԿ-ի, գործուղել էին ՍԴ` նախագահի պաշտոնում, բազմաթիվ վերլուծություններ եղան այն մասին, որ նրա առաջադրման ժամկետը հատուկ են ընտրել այնպես, որ դեռեւս նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտած չլիներ, որպեսզի հնարավորություն տրվեր այդ ժամանակ արդեն ՀՀԿ-ական դարձած նախկին ընդդիմադիր Թովմասյանին «ընտրվել» հին Սահմանադրությամբ եւ պաշտոնավարել ոչ թե 6  տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարին լրանալը:

Երկրորդ առանցքային հարցը, սակայն, մարտի 1-ի գործն է եւ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի, երբ Քոչարյանին նոր էր մեղադրանք առաջադրվել, խոսակցություններ կային արդեն, որ քոչարյանական պաշտպանության մարտավարությունը միտված է այն բանին, որ գործը «սովորական» դատարանից տանեն ՍԴ` Հրայր Թովմասյանի մոտ, եւ նրա ձեռամբ «ջրեն» այդ մեղադրանքը:

Եւ հիմա, ակնհայտ է, որ նախկիններից բոլոր նրանք, ովքեր «սատարում են» Քոչարյանին, հրապարակավ նետվել են տեղեկատվական դաշտ` կոչ անելով Հրայր Թովմասյանին «չհանձնվել»:

Որովհետեւ նրանց համար ոչ թե Թովմասյանը կամ օրինականությունն է կարեւոր, այլ` միայն ու միայն Քոչարյանի գործը, եւ նրանք հասկանում են, որ դա իրենց վերջին «շանսն» է, հետեւաբար՝ Թովմասյանը պիտի ամեն գնով կատարի իր առաքելությունը:

Հիմա մի փոքր հետ գնանք` հեռավոր 2008 թվական:

Այդ ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից արդեն դուրս եկած եւ միայն որպես սահմանադրագետ ներկայացող Հրայր Թովմասյանը մարտիմեկյան սպանդից օրեր անց հայտարարում է.

«Այս իրադարձությունների իրական վիճակի պարզաբանումը առաջին հայացքից թվում է, թե պետք է քաղաքական ընդդիմությանը, բայց, իմ կարծիքով, ինքը նույնչափ կարևոր է քաղաքական իշխանության համար: Քաղաքական իշխանությունը չի կարող 5 տարի կամ ավելի կառավարել էն վիճակով, որ օդից կախված հարցեր մնացին: Այսինքն` պետք է պարզաբանել, վերջակետ դնել ու երաշխավորել, որ նման դեպքեր չկրկնվեն: Եթե մարտյան դեպքերի մանրամասների պարզաբանումը չտրվի, ապա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը ստիպված է լինելու առաջիկա հինգ տարվա ընթացքում համակերպվել այն մտքի հետ, որ կա մի երևույթ, որը, կոպիտ ասած, իրենց կոկորդին է կանգնել: Դա հասարակությանը լարվածության մեջ է պահելու, հիմք է լինելու ընդդիմության համար հանրահավաքներ անել: Այնպես որ, եթե ցանկություն կա այդ մասով ձերբազատվել ու կառավարումն արդյունավետ իրականացնել, ապա, կարծում եմ, որ իշխանություններն այդ քայլին պետք է գնան»:

 

Մեկ տարի անց` 2009 թվականին, Թովմասյանը հայտարարում է.

«Մարտի 1-ի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար: Մարտի 1-ի դեպքերի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ: Ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում: Պատմությունը պատասխան պետք  է տա նաեւ մարտի 1-ի սպանությունների համար»:

 

Եւ ահա ճակատագրի հեգնանքը:

 

2011 թվականին Թովմասյանը դառնում է ՀՀԿ կառավարության անդամ,

2012-ին` Հանրապետական կուսակցության անդամ, հեղինակում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարացնող նոր Սահմանադրությունը, 2018-ին ՀՀԿ-ի կողմից որպես փոխհատուցում՝ գործուղվում է ՍԴ եւ կարգվում ՍԴ նախագահ:

Ամբողջ այդ ընթացքում արդեն նրա իշխանությունը այդպես էլ որեւէ բացահայտում չի կատարում մարտի մեկի գործով, այդ գործը, Թովմասյանի կանխատեսած եղանակով հենց, իրապես կանգնում է նախկին իշխանությունների կոկորդին, եւ միայն 2018-ի հեղափոխությունից հետո է գործը տեղից շարժվում:

Եւ ահա, անակնկալ` հենց գործը տեղից շարժվում է, հենց ներկայացվում են մեղադրանքներ, պարզվում է, որ նախկինների կոկորդին մնացած գործից նրանց կոկորդը մաքրելու կարիք կա: Եւ զավեշտը, պարզվում է, որ նախկին իշխանությունների կոկորդը մաքրողի դերակատարությունը պիտի ստանձնի նա, ով ժամանակին հայտարարում էր, որ չբացահայտելու դեպքում մարտի 1-ը իշխանությունների (նախկին) կոկորդին է մնալու: Ընդ որում, կոկորդը մաքրելու ջատագովությունն այս փաստացի  վերածվել է մարտիմեկյան ոճրագործների համար փաստաբանության, ընդ որում` ոչ միայն իրավական, այլեւ արդեն քաղաքական:

Ըստ էության, մարդը, որը պնդում է, թե ինքն այժմ ՍԴ դատավոր է եւ նախագահ, իր գործողություններով բացահայտ ցույց է տալիս, որ ինքը ոչ թե անաչառ դատավոր է, այլ կողմ:

Պարգեւ Ապրեսյան