29.06.2019 19:06

Արսեն Գրիգորյան․ Չկանխատեսող մարգարեն

Արսեն Գրիգորյան․ Չկանխատեսող մարգարեն

Դեռ 2011-ին էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մարգարեանում, որ «արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար մտածողության փոփոխության խնդիր կա»։

Մարդն ասում էր, որ «դատական իշխանության մեջ կոռուպցիոն արատը շատ արագ է բերում մահվան»։ Ու վստահ էր, որ նախ շարքային մարդիկ պիտի փոխվեն։ Արդեն Հանրապետական էր, արդեն իր քաղաքական ուժի անմահության հոտն էր առել, խնդիր չկար, կարող էր մտքով անցածն ասել։ Այսինքն, երբ նա ասում էր այս մտքերը, գիտեր, որ ոչ մտածողություն է փոխվելու, ոչ էլ «կոռուպցիոն արատը» սպանելուէ դատական համակարգը, որովհետեւ դատական համակարգ չկար։

Որ կողմից նայում էիր դատական իշխանությանը, այն չկար։ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար էր խաղում։ Ամբողջ երեք ու կես տարի։ Այսօր նա նույն կերպ խաղում է ՍԴ նախագահ։ Սակայն ՍԴ դատավոր խաղալ չի ստացվում։ Ուրիշ Հայաստանի ՍԴ-ում է նա փորձում խաղալ։ Այս Հայաստանում նման խաղերը չեն ընկալվում։ Հրայր Թովմասյանը վատ մարգարե է։ Նա Սահմանադրություն փոխեց եւ իր համար ամրագրեց ՍԴ ցմահ նախագահի դրույթ, սակայն մոռացավ մի շատ կարեւոր բան։ Եվ ահա թե ինչ։ Նա ուղղակի ագահաբար ՍԴ նախագահ դարձավ 2018-ի մարտի 22-ին։ Այսինքն, 2005-ի սահմանադրական փոփոխություններով նա դեռ կարող է ցմահ նախագահ լինել։ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով անցկացված Սահմանադրությունն արդեն այդ հնարավորությունը չէր տալիս, այսուհետեւ ՍԴ նախագահ լինելու առավելագույն ժամկետը 6 տարին էր։

Հրայր Թովմասյանը շտապեց դառնալ ցմահ նախագահ 6 տարի սահմանափակման ուժի մեջ մտնելուց 20 օր առաջ։ Ու․․․ վրիպեց։ Իրականում պետք էր բռնել հենց 6 տարվա պոչից։ Ամբողջի հետեւից վազողը նույնիսկ մասի զգացումը չուներ։ Վահե Գրիգորյանի շնորհիվ միայն պարզ դարձավ, որ այս երիտմարգարեն նույնիսկ իր գրած Սահմանադրության մեջ տեղ գտած մաթեմատիկային չի տիրապետում։ Հետեւաբար, բացառված չէ, որ այդ ականը, ըստ որի 213-րդ հոդվածով ամենեւին էլ չեն նույնացվել ՍԴ անդամն ու ՍԴ դատավորը, Հրայր Թովմասյանի ձեռքի գործը չէ կամ ավելի հեռուն գնացող նպատակ է ունեցել։ Երկու դեպքում էլ Վահե Գրիգորյանը կարողացել է մերկացնել այդ հոդվածի թովմասյանական ընկալումն ու մեկնաբանությունը։ Պարզվում է, դրանք ոչ միայն նույն բանը չեն, այլեւ գրչի մի շարժում էր պետք դրանք նույականացնելու համար, ինչը չի արվել։ Նույնականացնելու համար բավարար էր, որ 2005-ի փոփոխություններով 213 հոդվածի առաջին նախադասության վերջին բառին կետադրական նշանի հավելումից հետո ՍԴ անդամի կողքին կավելացվեր՝ «որպես դատավորներ» բառերը։

Միակ հետաքրքիրն այն է, որ այս Սահմանադրությամբ Հրայր Թովմասյանը կարողացել է ամրագրել ամբողջ ՀՀԿ-ական իշխանության մահը, իսկ իրեն պահել էր հուղարկավորի եւ առանց վկաների մի նոր կյանք վայելելու հաճույքը։ Դա էլ չստացվեց։ Պարզվեց «մարգարեն» իր «մահն» էլ էր վավերագրել։ Մի խոսքով զարմանալի մարգարե էր՝ ապագան ներկայացրել էր ճշգրիտ՝ առանց այն կանխատեսելու։ Ուստի եւ «մեռավ»։ Ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը։