30.06.2019 14:08

Դավիթ Հարությունյան` իրավական մտքի «գիգանտը»

Դավիթ Հարությունյան` իրավական մտքի «գիգանտը»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում (29․06․2019) Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Եթե մենք հետևենք Վահե Գրիգորյանի եզրակացությանը, ապա մենք պետք է հանգենք հենց նմանատիպ շատ աբսուրդ եզրահանգման, որ կան կառավարության անդամներ, և կա օրինակի համար նախարար, որ կառավարության անդամ չէ, որովհետև Սահմանադրության մեջ որևէ տեղ նման բան գրված չէ, որ նախարարը կառավարության անդամ է»։ 

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը սահմանում է.

Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից (ընդգծումը մերն է):

2. Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը:

Նույնիսկ ոչ իրավաբաններին է ակնհայտ վերոգրյալ հայտարարության անգրագիտությունը։ Սակայն միամտություն կլինի կարծել, որ դրա հեղինակ Դավիթ Հարությունյանն անգրագետ է։ Հարությունյանը շատ լավ էլ գիտակցում է, որ իրենք իրենց թիմով միտումնավոր ռումբ են դրել իրենց ձեռամբ և իրենց համար գրված սահմանադրության (հետևաբար նաև՝ Հայաստանի) տակ։ Հիմա փորձում են խուսափել պատասխանատվությունից, իրավական հարցը դարձնել քաղաքական մանիպուլյացիաների առարկա։ Ավելին՝ ձեռքերը շփելով սպասում են, թե երբ է այդ ռումբը պայթելու երկրի գլխին՝ թքած ունենալով հնարավոր հետևանքների վրա։

Եվ այս մարդը տարիներ շարունակ եղել է Հայաստանի դատական համակարգի «ճարտարապետը»։ Սրա «հետևանքները» մեր հասարակությունը վայելում է այսօր ու դեռ երկար կվայելի։

Հ.Գ. Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ, որ Դավիթ Հարությունյանն այսպիսի «տոնով» է արձագանքում Վահե Գրիգորյանի նամակին: Սա ավելի լուրջ ենթատեքստ ունի, քան թվում է: Հարությունյանն անհանգիստ է ոչ միայն այն պատճառով, որ իր համահեղինակած այս ողջ իրավական ականապատ դաշտը փորձ է արվում ականազերծել, այլեւ այստեղ քանի որ մարտի 1-ի եւ Քոչարյանի հարցը կա:

Հայտնի է, որ  մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների հույսը ՍԴ-ն է` իր` նախաՎահեԳրիգորյանական կազմով, որը պիտի «փոշիացներ» մեղադրանքը: Իսկ եթե ՍԴ-ի թափուր տեղերում նոր դատավորներ ընտրվեն, ապա բնական է, որ Քոչարյանի պաշտպանները գործը «փոշիացնելու» երաշխիքներից կզրկվեն: Իսկ ո՞րն է այս ամենի մեջ Դավիթ Հարությունյանի շահը: Այն, որ Հարությունյանն էլ մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված առանցքային դերակատար է եղել: Բացի այն իրողությունից, որ Հարությունյանը Քոչարյանի կառավարման տարիների առանցքներից եւ իրավական հենակետերից մեկն էր, 2008 թվականի մարտի 1-ին` որպես ԱԺ պատգամավոր փաստացի նա կողմ է քվեարկել արտակարգ դրություն հայտարարելու Քոչարյանի հրամանագրին, մարտի 1-ից հետո եղել է միջազգային ատյաններում այդ իրադարձությունների հետեւանքների հիմնական «մաքրողներից» ու իշխանությունների փաստաբաններից մեկը, հենց նրա գլխավորությամբ են նախկին իշխանությունները փորձել միջազգային հանրության շրջանում «ջրել» մարտի 1-ի թեման։ Ավելի ուշ` 2014-ին, նա կրկին որպես պատգամավոր դեմ է քվեարկել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման հարցում պատկան մարմինների գործողությունների իրավաչափությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին: Այսինքն, այս մարդը քննվող հարցում անձնական շահագրգռվածություն ունի, որովհետեւ մարտի 1-ի հետ կապված յուրաքանչյուր բացահայտումը ջուրն է գցում Հարությունյանի տարիների «տքնանքը»:

Այնպես որ, Դավիթ Հարությունյանին հասկանալու համար, իր բառերով ասած, պետք է մեծ «տոլերանտություն ունենալ» նախկին իշխանությունների հանցանքները պարտակած անձի «անհեթեթ մտքերը կարդալու նկատմամբ»:  

iLur.am