01.07.2019 15:42

Լիզա Ճաղարյան. «Համայնքը» զորավո՜ր է, զավակս

Լիզա Ճաղարյան. «Համայնքը» զորավո՜ր է, զավակս

Թե ինչու է սրտնեղած գրող Արփի Ոսկանյանը («Սիրե՞լ, թե չսիրել՝ այս է խնդիրը». Հրապարակ), ինչ են ասել նրա պայքարի ընկերները, որ որոշել է հրապարակավ գիծ քաշել իր եւ նրանց միջեւ, անկեղծ ասած՝ ինձ չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում նաեւ, թե նախկինում «Հայկական ժամանակ» թերթում արտոնյալ կարգավիճակ ունեցող Արփին ինչու գերադասեց համագործակցել «Հրապարակ» թերթի հետ, որը, իմ խորին համոզմամբ, «հռչակավոր» է դարձել անաչառության անվան տակ ցանկացած չճշտված տեղեկության հրապարակմամբ, ակնհայտորեն չի խորշում դեղին մամուլի շարքում «պատվավոր» տեղ զբաղեցնելու՝ արդեն իսկ կայացած փաստից, աչքի է ընկնում բամբասանքի մակարդակի ու քուչայական բառապաշարով «լրագրողների» նկատմամբ ակնհայտ թուլությամբ։

Կրկնում եմ՝ չի հետաքրքրում. ի վերջո, մեծ աղջիկ է Արփին, ավելին՝ իր ապրած տարիների թվով ինձ դուստր կսազի, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ ինձանից լավ է հասկանում՝ ոնց հաղթահարել կյանքի դժվարին ճանապարհին հանդիպած խութերը, եւ ոչ իմ անշահավետ խորհուրդների կարիքն է զգում, ոչ էլ ինքնավստահության պակաս է զգում, որ ականջ դնի իմ հորդորներին։

Ոսկանյանին մտատանջող հարցը՝ արժի՞ սիրել Նիկոլ Փաշինյանին, թե՞ չարժի, նույնպես չի մտահոգում ինձ. այդ վտանգը չի սպառնում ինձ՝ ներկա վարչապետի նկատմամբ իմ վերաբերմունքի մեջ «քիմիական սիրո» նշույլ չկա։ Ու թե ծանրակշի՞ռ հիմնավորում է, որ Ոսկանյան Արփին այլեւս չի սիրում իր՝ երբեմն նույնիսկ պաշտելի Նիկոլին, որովհետեւ նա արդեն իշխանավոր է, սա էլ շատ վիճելի պնդում է, բայց դե՝ ի՞նձ ինչ։

Այս երկար նախաբանիս միակ պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված գնահատականներն են։ Գրող Արփի Ոսկանյանը ստում է, ուղղակիորեն ու կոպտորեն խեղաթյուրում է իրականությունը։

Նախ գուժում է. «Հայտնի է, որ հեղափոխությունն ուտում է իր զավակներին, մեր հեղափոխությունը կերավ իր ծնողին․ չորրորդ իշխանությունը մնաց հեղափոխության փլատակների տակ»։

Այս հարցում ես եւ հոդվածի հեղինակը հակառակ բեւեռներում ենք գտնվում։ Իմ դիտարկմամբ՝ իշխանություն-մամուլ հարաբերություններում փլատակների տակ մնալու վտանգի տակ է իշխանությունը, եւ այսօր եթե պաշտպանության կարիք զգացող կա, ապա այդ անպաշտպանը միմիայն իշխանությունն է, որի դեմ յոթգլխանի վիշապի պես ծառս է եղել նախկինների թալանած փողերով սնվող եւ ազատ խոսքի անվան տակ պղտոր սելավի նման հասարակության գլխին լպիրշ, անգրագետ, սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվության զգացումից զուրկ, ակնհայտ կեղծիքների աղբ արտադրող, այսպես կոչված, մամուլը։

Եվ երեւի նման լրատվամիջոցներում աշխատելն «աննկատ» վարակում է բոլոր լրագրողներին, հակառակ դեպքում Արփի Ոսկանյանը չէր գրի. «Ժամանակին, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արգելեց ընդդիմադիր մամուլը»։ Չէր գրի, որովհետեւ Արփի Ոսկանյանը գրագետ մարդ է, «հոսանքը հողին տալու», «բենզինը լափելու», «ջհուդամասոնական դավադրության» մասին զառանցանքների մակարդակի «դասակարգին» չի պատկանում եւ շատ լավ գիտի, որ այս տողը գրելիս ստում է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք փակվել է միայն դաշնակցական մամուլը՝ ՀՅԴ կուսակցության «հովանու ներքո» գործող երկու ահաբեկչական խմբավորման բացահայտումից եւ այդ կուսակցության գործունեության կասեցումից հետո։ Ճի՞շտ էր արդյոք դաշնակցական մամուլի արգելումը, թե՞ ճիշտ չէր՝ յուրաքանչյուրն ազատ է գնահատելու ինչպես ուզում է, բայց Հայաստանի միակ ընդդիմադիր մամուլը դաշնակներինը չէր, եւ թե ինչու է այսպես անբարեխղճորեն ստում Արփին՝ ինքը կիմանա կամ այն «մթնոլորտը», որի մեջ հայտնվել է ինքը։

Ես չեմ ուզում խորանալ, թե ինչու է Արփի Ոսկանյանը «հմտորեն» մոռանում Քոչարյան Ռոբերտին եւ նրա նախագահության օրոք միակ ազատ հեռուստաընկերության՝ Ա1+-ի փակումը, եւ ինչու է ընտրակեղծիքների մասին հիշելիս կրկին միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին մատնացույց անում, ես նույնիսկ չեմ ցավում Արփի Ոսկանյանի համար, որ նա նման «անաչառ» հոդված է գրել։

Ընդամենն ասում եմ՝ Արփի Ոսկանյանը ստում է, եւ որքան էլ ինձ ստիպեմ, չեմ կարող մտածել, որ ստի պատճառն «անմեղ» չիմացությունն է։