02.07.2019 13:09

Արցախի հարցում ոչ ոք գոտկատեղից ներքև իրար այնպես չի «խփել», ինչպես Քոչարյանն ու Սարգսյանը

Արցախի հարցում ոչ ոք գոտկատեղից ներքև իրար այնպես չի «խփել», ինչպես Քոչարյանն  ու Սարգսյանը

Հարութ 

Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ապրիլյան պատերազմից հետո (ինչու չէ, նաև ողջ 30 տարվա մեջ) Արցախի հարցում ոչ ոք գոտկատեղից ներքև չի «խփել» Քոչարյանին, ինչպես դա արել է Սերժ Սարգսյանը, և, ընդհակառակը, ոչ ոք գոտկատեղից ներքև չի «խփել» Սերժին, ինչպես դա արել է Քոչարյանը: Շեշտում եմ` խոսքը նրանց «դիրքերից» հնչեցված քննադատությունների մասին է: Ու հիմա այս մարդկանց «թիմերը», իրենց ողջ թաշախուստով, փորձում են ոչ միայն «համագործակցության» եզրեր գտնել, այլև` որպես «համախմբման» օջախ են ներկայացնում Արցախի հարցում իրենց ունեցած, իբր, «նույն դիրքորոշումը»:

Քոչարյանը Ապրիլյան պատերազմից օրեր անց իր կայքերից մեկին տված հարցազրույցում տեղի ունեցածը ոչ միայն «հաղթանակ կամ պարտություն» չէր ուզում գնահատել, այլև անընդունելի համարելով հայկական կողմի կորցրած տարածքները հետ չգրավելու փաստը՝ հայտարարում էր, թե «Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում»: Ավելին, Քոչարյանը, անընդունելի համարելով հայկական կողմի մեծ կորսուստները, պնդում էր, որ նույնիսկ «բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել»:

Քոչարյանը ջանք չէր խնայել նաև քննադատելու համար Ադրբեջանի համեմատ Հայաստանի թուլությունը՝ հայտարարելով, որ Ապրիլյան պատերազմում «Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով»: Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու պայմանագրի մասին՝ Քոչարյանը հայտարարում էր. «Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը: [...] Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր»: Շարունակելով Սերժ Սարգսյանի իշխանությանն ուղղված քննադատությունների շարքը՝ Քոչարյանը հարցապնդում էր հնչեցրել. «Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան, կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»:

Քոչարյանը Սերժ Սարգսյանի իշխանությանը մեղադրում էր այն բանում, որ «նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների»: Ավելին, Քոչարյանն իր քննադատություններում հասել էր մի այնպիսի ցինիկ մակարդակի, որ Սերժ Սարգսյանի կառավարությանը մեղադրում էր արդեն «կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի» համար: «Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները», - հայտարարել էր Քոչարյանը:

Այս ծավալուն մեջբերումներին եթե ավելացնենք նաև այդ օրերին քոչարյանամերձ լրատվականների կողմից Սերժ Սարգսյանի դեմ օր ու գիշեր հրապարակվող հոդվածներն ու կոչերը, ցանկացածի համար պիտի որ լիովին ընկալելի լինի այդ ժամանակաշրջանում արդեն «պիկին» հասած Քոչարյան-Սերժ անձնական հակասությունների մակարդակն ու Քոչարյանի իշխանատենչության չափը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից Քոչարյանի հասցեին ուղղված քննադատությանը, ապա, չհաշված մանր-մունր անդրադարձներին, այդ քննադատությունը հնչեցվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո` ԱԺ դահլիճից: Սերժ Սարգսյանը, գովելով իր կողմից բանակցված Արցախի հարցի լուծում ենթադրող «Կազանյան» տարբերակը, քննադատել էր Քոչարյանի օրոք բանակցված «Մադրիդյան սկզբունքները»: Ակնհայտորեն հեգնելով Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին` «Մադրիդյան սկզբունքների» «հեղինակությունն իրեն վերագրողներից» մեկին, Սերժ Սարգսյանը քննադատաբար հայտարարել էր, որ «Մադրիդյան սկզբունքներում» ամրագրված «Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով» դրույթը «լուրջ հարցեր էր առաջացնում»։ Ավելին, Սերժ Սարգսյանն այդ դրույթը գնահատել էր որպես «վնասակար ձևակերպում»:

Այս ամենից բացի եթե հիշենք նաև, թե ինչպես էր մեկ տարի առաջ Քոչարյանը մեղադրում Սերժ Սարգսյանին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և «իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկելու» միջոցով վարչապետ դառնալու մեջ, ապա ապագայում այդ երկուսի հնարավոր «մերձեցումը», սեփական անձերի շահերից բխող հանցավոր համագործակցությունից բացի՝ այլ կերպ հնարավոր չի լինի ընկալել: