02.07.2019 17:17

Ինչպես չի կարելի «ընտրել» ԲԴԽ անդամ

Ինչպես չի կարելի «ընտրել» ԲԴԽ անդամ

ԲԴԽ անդամի վերջին թեկնածուի ընտրության, իսկ ավելի ճիշտ՝ «չընտրության» հարցը առնվազն տարօրինակ էր: Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» դաշինքը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր  իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանի թեկնածությունը: 

Այսինքն, պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե իշխող մեծամասնությունը առաջադրել է, ուրեմն՝ ցանկանում է այդ թեկնածուին տեսնել ԲԴԽ կազմում:  

Սակայն քվեարկության ժամանակ տեղի ունեցավ անակնկալ. արտահերթ նիստով ԲԴԽ անդամի թեկնածության հարցը քննարկած ու քվեարկության դրած խորհրդարանական մեծամասնությունը այդ պահին խորհրդարանում ներկա բավարար թվով պատգամավոր չուներ (որպեսզի, անկախ մյուս խմբակցությունների քվեարկությունից, ապահովեր նվազագույն անհրաժեշտ ձայները), եւ իրենց իսկ առաջադրած թեկնածուն չընտրվեց:

Հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան, թե ԻՔ 21 պատգամավորներ գործուղման էին մեկնել, եւ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ չքվեարկեր, Աննա Մարգարյանը կընտրվեր ԲԴԽ անդամ:

Անհասկանալի է այս պարագայում ԼՀԿ-ին մեղադրելը, քանի որ քվեների թիվը պիտի ապահովվեր՝ անկախ ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի պահվածքից: Ամեն ինչ պիտի արվեր խիստ հաշվարկված, եւ եթե այդ օրը բավարար թվով պատգամավորներ ներկա չէին լինելու նիստին, ուրեմն թեկնածության հարցը պիտի այլ օր քննարկվեր: Հատկապես հասկանալի չէ անհաշվարկ շտապողականությունը՝ թեկնածուին առաջադրել արտահերթ նիստում եւ փաստացի տապալել գործը:

Սա քաղաքական կոպիտ սխալ է, որը դեռ իր ազդեցությունը կունենա:

Նախ՝ մարդուն առաջարկում են, ստանում նրա համաձայնությունը, առաջադրում նրա թեկնածությունը, հետո՝ չեն ընտրում: Այսպիսի քվեարկությունից հետո կլինե՞ն այլ թեկնածուներ, որոնք նման իրավիճակում չհայտնվելու համար հետագայում կմերժեն ԻՔ առաջարկները: Իհարկե, կլինեն:

Նման տարրական հաշվարկի բացակայությունը նաեւ որոշակիորեն անլրջացնում է դատական բարեփոխումների գործընթացը, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ դատական համակարգի բարեփոխումներին դեմ հանդես եկող նախկին իշխանություններն ու նրանց արբանյակները ագրեսիվ ու ինտենսիվ հակաքարոզչությամբ են զբաղված: Եւ չեն խորշում նաեւ գործողություններ իրականացնել՝ գործընթացը հետաձգելու կամ տապալելու համար:

Բնական է, որ դատական համակարգում բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն քաղաքացիներին, այլեւ՝ իշխանություններին, որովհետեւ այս ատյանի դիմադրությունը կարող է տորպեդահարել իշխանությունների բազմաթիվ դրական եւ անհրաժեշտ նախաձեռնություններ:

Եւ ահա այս պարագայում առնվազն տարօրինակ է, երբ իշխանությունները շտապ քայլեր են անում, եւ հանկարծ պարզվում է, որ այդ քայլերը տեխնիկական առումով անգամ հաշվարկված չեն եղել:

Իշխանությունները պարտավոր են հետեւություններ անել այս քվեարկությունից եւ տեխնիկական հարցերը կարգավորել այնպես, որ այլեւս նման իրավիճակները ուղղակի բացառվեն: Հակառակ պարագայում կստացվի՝ մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ: Իսկ այդպիսի տեմպերով դատական բարեփոխումները կտեսնենք միայն այն ժամանակ, երբ հայկական ասացվածքի հերոս կենդանին «յոնջա կուտի»:

Պարգեւ Ապրեսյան