03.07.2019 12:33

Արսեն Գրիգորյան. Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա

Արսեն Գրիգորյան. Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա

Հրայր Թովմասյանին հիմա ավելի դժվար է հասկանալ, քան՝ երբ հեռավոր այն օրերին խիստ բարոյական կերպարով իրավաբանն անդամագրվեց ՀՀԿ-ին: Ամենաճիշտ տարբերակը հրաժարական տալն է: Հիմա նա ընդամենը դեմք փրկելու խնդիր ունի: Ուրիշ խնդիր՝ չիք:

Ինչո՞ւ պետք է նա հրաժարական ներկայացնի: Պատճառն այնքան պարզ է: Նախ՝  շուտով ճնշումն ուժեղանալու է, ՍԴ-ի մասին խոսելու են ամբողջ կոկորդով, մեջտեղ են բերվելու փաստեր, թե ինչքան անհույս ու բարոյալքված կառույց է այդ ՍԴ-ն: Երկրորդ, ինչքան ուշացնի հրաժարականը, այնքան ավելի խայտառակ է լինելու հեռանալու անխուսափելիությունը: Նա պետք է ընտրություն կատարի հեռանալու մեթոդների մեջ: Հրաժարականով նա գուցե դեռ պահպանի ՍԴ անդամի աթոռը, թեպետ դա դատավորի աթոռ չէ:

Իհարկե, ճիշտը ՍԴ-ից հեռանալն է, գլուխը պրծացնելը, որովհետեւ մնալով ո՞ւմ հետ է նրա կռիվը՝ ժողովրդի՞: Իսկ ինքը իր վրա ինչ-որ առաքելությո՞ւն է զգում: Ասենք, Քոչարյանին կալանավայրից հանելու: Չի ստացվելու: Որովհետեւ խնդիրը անձեռնմխելիությունը չէ,  խնդիրը էդ մարդուն հասարակություն վերադարձնելն է, իսկ հասարակությունն իր հաշիվներն անձեռնմխելիությամբ չի փակում նրա հետ, հատկապես որ որեւէ Սահմանադրությամբ նրան չի տվել այդ անձեռնմխելիությունը: Նաեւ՝ որեւէ Քրեական օրենսգրքով: 2005-ի Սահմանադրության ընդունման կեղծիքները, կեղծիքներով ձեւավորված խորհրդարանները նրա որեւէ գործողություն լեգիտիմ չեն դարձնում, այդ ամենին էլ գումարվել է 2008-ի փետրվարի 23-ի հավաքը Բաղրամյան 26-ում եւ մարտի 1-ը:

Հրայր Թովմասյանը պետք է ոչ թե Քոչարյանի կաշին փրկի, այլ՝ իր: Իսկ անձեռնմխելիությունը սահմանադրական ճանաչելով՝ բարդացնելու է ե՛ւ իր, ե՛ւ Քոչարյանի վիճակը: Ասում են, բայց կարող է իր կաշին փրկել Քոչարյանի անձեռնմխելիությունը սահմանադրական չճանաչելով: Գուցե: Բայց այս դեպքում մենք կունենանք երկրորդ Վիկտոր Դալլաքյան, բացառիկ երախտամոռ մեկի, որն ուրացավ իր սանիկին, որն այս դեպքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն է: Թեպետ նույնիսկ դա չէ խնդիրը: Հրայր Թովմասյանն ավելի սկզբունքային բաներ է ուրացել հենց միայն ՀՀԿ-ական դառնալով: Նա, ի վերջո, մեզ Սահմանադրություն է պարտադրել՝ հանուն Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման, որը կանխվեց իրենից անկախ պատճառներով:

Խնդիրն այն է, որ ՍԴ-ն ինքն է ներծծված ոչ լեգիտիմությամբ, եւ որեւէ որոշում այսօր նրան չի փրկի: Հատկապես, որ Սահմանադրական արդարադատությունը չի կարող լինել ժողովրդահաճո, այն պետք է լինի չոր արդարադատություն: Հարց՝ իսկ Քոչարյանի անձեռնմխելիությունը ճանաչելը ոչ ժողովրդահաճո, բայց չոր արդարադատություն չի՞ լինի: Ոչ: Որովհետեւ չոր արդարադատությունը չի նայում օրենքի տառին, այն նայում է, թե ինչպես է մարդն օգտվել օրենքի կիսատությունից: Կարճ ասած, ինչպես է մարդը մանիպուլացրել օրենքի տառը: Հանցանքի պահին արդեն իսկ եղել է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը նույնպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասին է: Եվ ինչպե՞ս մարդուն դատես մի հոդվածով, որն այսօր գոյություն չունի:

Կարճ ասած, Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, եթե իհարկե չի կարծում, թե կյանքը հենց այս պահին այդ շենքում ունեցած աթոռն է: