03.07.2019 12:48

Ռոուհանին միջուկային գործարքի մասնակիցներին դիմել է կոչով

Ռոուհանին միջուկային գործարքի մասնակիցներին դիմել է կոչով

Իրանական միջուկային ծրագրի գծով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցները պետք է համաձայնագրի պայմանները կատարեն նույն չափով, ինչ անում է Թեհրանը: Այդ մասին այսօր հայտարարել է  Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Դուք պետք է որոշակիացնեք՝ պաշտպանո՞ւմ եք ԳՀՀՊ-ն, թե՞ ոչ: Եթե պաշտպանում եք, ապա բոլորը դրա դրույթները պետք է կատարեն նույն չափով, ինչ անում է Իրանը»,- նախագահի խոսքն է մեջբերում IRIB հռարձակող ընկերությունը:

Նախագահը նաև հավելել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո «Թեհրանը մի ամբողջ տարի սպասել է, որպեսզի գործարքի մյուս մասնակիցները կատարեն պարտավորությունների իրենց մասնաբաժինը»:

Ռոուհանին նաև հայտարարել է, որ Թեհրանը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀՊ-ի շրջանակներում կրճատում է իր պարտավորությունները՝ հանուն դրա պահպանման: Նրա խոսքով՝ «եթե Իրանը չկրճատի իր պարտավորությունները, ապա միջուկային գործարքը կդադարի գոյություն ունենալ»:

Փոխանցում է tass.ru-ն: