03.07.2019 17:07

Լիզա Ճաղարյան. Ասպարեզ են ելել «անաչառները»

Լիզա Ճաղարյան. Ասպարեզ են ելել «անաչառները»

Մերկապարանոց վայրահաչոցների, բամբասանքի մակարդակի «փաստերի», պատվիրված լկտի խեղաթյուրումների պաշարը կարծես սպառվելու վրա է, եւ հիմա ասպարեզ են ելել «անաչառները»։

Ի՞նչ են անում։

Նախ՝ հիշում են, որ ժամանակին ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հետ ժամանակին մտերիմ են եղել, եւ այդ տարիներին, երբ իրենք շփվում էին Վահեի հետ, ա՛յ էդ ժամանակ Վահեն ե՛ւ լավ փաստաբան էր, ե՛ւ ազնիվ մարդ էր։ Հետո երեսով են տալիս, որ երբ Վահեին անարդարացի ձերբակալել էին Հյուսիսային պողոտայի տուժած քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, իրենք էլ են պայքարել Վահեի ազատության համար։ Սա, իհարկե, չի խանգարել, որ այս նույն «պայքարողներից» մեկի կայքում իր իսկ կայքի գրչակի, այսպես կոչված՝ «բացահայտումը» ազատորեն պատվավոր տեղ գրավի իր տնօրինած էջերում, որտեղ հիշատակված քրգործի մասին հեռավոր ակնարկ անգամ չկա, որ Վահեին անարդարացիորեն փորձել են դատել, բայց մեղադրանքն այնքան անհիմն էր, որ նույնիսկ Քոչարյան Ռոբերտին չի հաջողվել գործը մինչեւ վերջ հասցնել։ Ամենեւին։ Տիկին լրագրողը մատնանշել էր մեղադրանքը, ինչի համար փորձել էին դատել Վահե Գրիգորյանին եւ «կնքել» որպես հաստատված իրողություն։ Ընդգծում եմ, հեղինակը կայքի աշխատակից էր (ոչ թե Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգն էր, ոչ թե ՀՀԿ-ական Աշոտյանն էր, ոչ թե որեւէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ էր, որ մտածեիր՝ ինքն է «բլթացրել», ինքն էլ թող պատասխան տա), ինչը ենթադրում է, որ ուրիշներին անաչառության դաս տվող կայքի պատասխանատուն կարող էր ընդամենն ասել՝ դու փաստերը խեղաթյուրում ես, ընԳերուհի, քո «բացահայտումը» մերժում եմ, ես այստեղ նստած եմ ոչ միայն «աշխարհին» ներկայանալու համար գլխավոր խմբագրի «լուսապսակով», այլեւ առաջին հերթին հենց այն առաքելությամբ, որ որոշեմ, թե իմ կամքով ընտրած եւ իմ ձեռքով վարձատրվող լրագրողների ո՛ր «բացահայտումն» է իրականությանը համապատասխանում, որը՝ ոչ։

Եվ այսպես, ասպարեզ ելածները մեծահոգաբար ընկնում են կարոտախտի գիրկը, հիշում են, թե ժամանակին ինչ լավ փաստաբան ու անկաշառ մարդ էր ՍԴ նորընտիր դատավորը, հետո սկսում «տառապել», որ հիմա նույնը չեն կարող ասել։

Ինչու՞։ Որովհետեւ 2008-ին Վահե Գրիգորյանը Շարժման համակիր է եղել։ Ընդգծում եմ՝ Վահեն արդարության, ընտրական կեղծիքների դեմ պայքարողների համակիր է եղել եւ որպես փաստաբան պաշտպանել է արդարության համար պայքարող քաղբանտարկյալների շահերը։ Եվ քանի որ պաշտպանել է ՀԱԿ-ի շարքերում պայքարող քաղբանտարկյալների, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերը, ուրեմն, ըստ այս թունդ «անաչառների»՝ նա չի կարող անաչառ ՍԴ դատավոր լինել։

Այսինքն, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից իշխող ՀՀԿ-ի տաք ծոցում փափուկ վայրէջք կատարած, Սահմանադրությունն իր անդամակցած կուսակցության ղեկավար Սերժիկ Սարգսյանի «հագով» կարած Հրայր Թովմասյանը կարո՛ղ է անաչառ լինել, իսկ ահա Վահե Գրիգորյանը, որ իր ողջ կյանքի ընթացքում կես ժամ անգամ կուսակցական չի եղել, ընտրակեղծիքների դեմ պայքարողներին համակրելու «հիմնավոր» պատճառով չի կարող անաչառ լինել։

Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է համակրել կամ չհամակրել ում կամ որ ուժին ցանկանա։ Հարցն այստեղ միակն է. ո՛ր ուժին է համակրել մարդը՝ երկիրը անարդարության ճիրաններից փրկելու համար պայքարողների՞ն, թե՞ այդ նույն երկիրը թալանի, ընտրակեղծիքների, քաղբանտարկյալների առատությունից պայթող բանտախցերի եւ անզեն ցուցարարներին արյան մեջ խեղդող հանցագործ ՀՀԿ-ականներին։

Եթե Հրայր Թովմասյանի պես անդամագրվել է երկրորդ ուժին, ապա նման մարդուն չի կարելի վստահել Սահմանադրական դատարանի ղեկը, որովհետեւ նրանից անաչառություն ակնկալելուց անմեղսունակության հոտ է փչում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պնդողներ կգտնվեն, ըստ որի՝ Թովմասյան Հրայրն ունակ է անաչառ լինել, ուրեմն ստիպված ենք հետեւություն անել, որ այս մարդը սրտանց եւ ջերմագին հավատում է, որ պետության ղեկին նստողները եւ սրանց կուսակիցներն ու մերձավոր կամակատարները ճիշտ են արել, որ թալանել են երկիրը, եւ որ ընտրությունների անցկացման պատասխանատուներն ուղղակիորեն պարտավոր են լպիրշ ընտրակեղծարար լինել, իսկ արդարության համար պայքարողները պետք է բանտում փտեն, անզեն ցուցարարներն էլ պետք է սպանվեն։ Եթե՝ ոչ, եթե Հրայր Թովմասյանն այսպես չի մտածում, ուրեմն ընդամենը շարքային խաբեբա է եւ հանցագործ իշխանության կամակատար։ Հանուն այն աթոռի, որին սոսնձվել է եւ ոչ մի կերպ չի ուզում պոկվել։

Ընտրեք՝ ըստ ձեր «ճաշակի»։

Իսկ եթե թվարկվածներից առաջին ուժին է համակրել ՀՀ քաղաքացին եւ պաշտպանել նրանց շահերը, ապա հանուն ինչ-ինչ շահերի միմիայն համապատասխան պատվեր կատարողները կարող են թառանչել տվյալ մարդու անաչառության «կասկածելիության» ծանր վշտից։