04.07.2019 12:24

Ամստերդամի քաղաքապետն առաջարկում է կարմիր լապտերների թաղամասում փակել բորդելները

Ամստերդամի քաղաքապետն առաջարկում է կարմիր լապտերների թաղամասում փակել  բորդելները

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է կարմիր լապտերների թաղամասում արմատական փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում պոռնկատները փակելու պլանների մասին:

Դա վերջին 20 տարիների ամենախոշոր փոփոխությունը կլինի երկրի սեքս-ինդուստրիայում: Առաջարկվող փոփոխությունները ներառում են նաև ցուցափեղկերում մերկ մարմինների ցուցադրությունը:

Քաղաքապետի խոսքով՝ առաջարկների նպատակն է սեքս-աշխատողներին պաշտպանել զբոսաշրջիկների խմբերից և լուծել մարդկանց առուծախի խնդիրը, սակայն դա չի ենթադրում մարմնավաճառության լիակատար արգելք:

«Ես կարծում եմ, որ այնտեղ աշխատող շատ կանայք իրենց ստորացված են զգում, ծաղրուծանակի են ենթարկվում, և դա պատճառներից մեկն է, որ մենք մտածել ենք փոփոխություններ կատարել»,- ասել է քաղաքապետը:

Նա առաջարկում է իրականացնել չորս սցենարներից մեկը՝ ցուցափեղկերում ցուցադրության արգելք, պոռնկատների փակում քաղաքի կենտրոնում և դրանց տեղափոխում արվարձաններ, հասարակաց տների ընդհանուր թվի կրճատում քաղաքի կենտրոնում և մերկ մարմիններով ցուցափեղկերի համար արտոնագրերի սահմանում:

Մարմնավաճառությունը Նիդեռլանդներում օրինականացվել է 2000 թ.: Այնուամենայնիվ, սեքս-ինդուստրիան գտնվում է կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ թմրանյութերի առևտրականների ուշադրության կենտրոնում:

Փոխանցում է BBC-ն: