04.07.2019 15:26

Ո՞վ է իշխանուհի Հայան

Ո՞վ է իշխանուհի Հայան

Դուբայի կառավարիչ և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ շեյխ Մոհամեդ ալ-Մակտումի վեց կանանցից մեկը՝ իշխանուհի Հայա բինտ-ալ-Հուսեյնը, փախել է ԱՄԷ-ից:

BBC-ին հաջողվել է պարզել, որ իշխանուհին մտավախություն է ունեցել իր կյանքի համար և այժմ գտնվում է Լոնդոնում:

Դուբայի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել լուրը: Երեքշաբթի իշխանուհու ամուսինը՝ 69-ամյա շեյխ Մոհամեդը, իր պաշտոնական «Ինստագրամում» բանաստեղծություն է հրապարակել, որի լիրիկական հերոսը անանուն կնոջը մեղադրում է դավաճանության մեջ:

Ո՞վ է, սակայն, իշխանուհի Հայան:

45-ամյա Հայա բինտ ալ-Հուսեյնը Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյն իբն Թալալի (1935-1999) և թագուհի Ալիա ալ-Հուսեյնի դուստրն է, նա Հորդանանի ներկայիս արքա Աբդալլա II-ի արյունակից քույրն է:

Հայան ծնվել է Հորդանանում, սովորել Բրիտանիայում, նա Օքսֆորդի համալսարանի Սուրբ Հիլդայի քոլեջի բակալավրի դիպլոմ ունի: 2004 թ. Հայան դարձել է ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մակտումի կրտսեր՝ վեցերորդ կինը: 2007 թ. նրանք դուստր են ունեցել, 2012-ին՝ որդի:

Ենթադրվում է, որ շեյխը տարբեր կանանցից ունի ևս 23 երեխա:

Բրիտանական կայքերն ավելի վաղ հաղորդել են, որ իշխանուհի Հայան ԱՄԷ-ից 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ միասին փախել է Գերմանիա, որտեղ մտադիր է ապաստան խնդրել: Գերմանիայի իշխանություններն այդ տեղեկությունը չեն հաստատել: The Sun թերթի հաղորդման համաձայն՝ իշխանուհին հետը խոշոր գումար է վերցրել՝ մոտավորապես 39 մլն դոլար:

BBC-ի աղբյուրների տվյալներով՝ իշխանուհին այժմ Լոնդոնում է, ապրում է Քենսինգթոն Փելաս Գարդենսում՝ 107 մլն դոլար արժողությամբ տանը, և պատրաստվում է դիմելու Լոնդոնի Բարձրագույն դատարան: Ենթադրվում է, որ նա ապահարզան կպահանջի:

Փոխանցում է BBC-ն: