04.07.2019 15:43

Նախկինների ակտիվացած «չեզոքները»

Նախկինների ակտիվացած «չեզոքները»

Սպասելի հետեւողականությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը «միավորել» է նախկին իշխանություններին հարող մի շարք իրավաբանների:

Եթե ավելի կոնկրետ, ապա Հրայր Թովմասյանին ՍԴ-ում «պահելու» եւ սահմանադրական ճգնաժամի չգոյության մասին են հայտարարում (համատեղ, առանձին-առանձին) ոչ միայն նախկին իշխանությունների մաս կազմած իրավաբանական կրթություն ունեցող անձինք, այլեւ այնպիսիք, որոնք փորձում են ներկայանալ իբրեւ թե չեզոք դիրքերից:

Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ թիմում իրականում չկան եւ չեն էլ կարող լինել չեզոքներ:

Նախկին իշխանությունները, իրենց իշխանությունը պահելու ժանրի դասական կանոններով, ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ «իրավունքի ոլորտը» քիչ թե շատ իրենով անելու համար հստակ քաղաքականություն է վարել. հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն ու գրեթե ամբողջ տեղեկատվական դաշտը իրենց ենթակայության տակ է եղել, ապա այս կամ այն ոլորտի մասնագետներին հայտնի դառնալու, այս կամ այն կառույցում աշխատելու, այս կամ այն ԲՈՒՀ-ում դասավանդելու, այս կամ այն հարցում լծակ ունենալու միայն մեկ ուղի էին թողել՝ լծվել իշխանությունների վարած քաղաքականության պաշտպանությանը: ԱԱԾ անունը հենց այնպես չհնչեց, քանի որ եթե մի մասը այդ գործին լծվում էր ինքնակամ՝ միայն հանուն շահի եւ անուն հանելու, ապա մի մասն էլ լծվել է հասկանալիորեն այն պատճառով, որ նախկինները զբաղված էին բոլորի մասին կոմպրոմատներ հայթայթելու եւ ապա դրանք որպես  մարդկանց իրենց կողմը քաշելու գործիք օգտագործելով:

Եւ ահա, եթե դիտարկվի նախորդ տարիների իշխանական մամուլը, ապա պարզ տեսանելի է, թե ինչպես են կոնկրետ անձանց «ռասկրուտկա» արել եւ դարձրել հայտնի իրավաբաններ: Իհարկե, այդ անձանց մեջ եղել են նաեւ խելացիներ, որոնք իրենց գիտելիքը պարզորեն բարտեր են արել շահի հետ, եղել են նաեւ այնպիսիք, որոնք երբեք էլ աչքի չեն ընկել առանձահատուկ «քաջությամբ» եւ իշխանության թեւի տակ տաքուկ տեղը եղել է իրենց երազանքների գագաթնակետը, եղել են նաեւ այնպիսիք, որոնք շատ լավ հասկանում էին, որ եթե չդառնան այս մեքենայի մի մասնիկը, ապա իրենք իրենցով ոչնչի չեն հասնի:

Եւ ահա, նախկին իշխանությունները աճեցրել եւ «ռասկրուտկա անելով՝ հայտնի են դարձրել» (նրանց մի մասին էլ բարեհաջող պաշտոնների են նշանակել) «իրավաբանների մի ամբողջ պլեյադա», որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ պարտական են նախկիններին:

Եւ այսօր, ահա, նրանք բոլորը, ներկայանալով իբրեւ թե չեզոք դիրքերից՝ լծվել են իրենցից մեկի պաշտպանությանը, բայց ոչ թե՝ որովհետեւ ուշաթափվում են այդ մեկի համար, այլ քանի որ հասկանում են, որ սա նաեւ իրենց հարցն է:

Այսօր, երբ իշխանության է մեկ այլ ուժ, եւ երբ բոլոր ոլորտները փաստացի ազատականացվել են, եւ ամենուր գործում է մրցակցայնությունը, նրանց զգալի մասն այսպիսի պայմաններում որոշակի ժամանակ անց ուղղակի կդադարի գոյություն ունենալ որպես մասնագետ:

Նրանք սովոր չեն մրցակցությանը, նրանք սովոր են ունենալ իշխանության հովանին եւ «աճել» այդ հովանու սատարությամբ. երբ այդ հովանին առաջ է մղում իրենց եւ դաշտից հնարավորինս դուրս թողնում այլոց:

Հենց այդ պատճառով էլ նրանք խելահեղ ջանասիրությամբ «մարտի են դուրս եկել»՝ բացահայտ երազանքով, որ մի օր նախկինները հետ կգան, եւ իրենք նորից կվերագտնեն իրենց տաքուկ, ապահով եւ անմրցունակ տեղերը:

Եւ այն, ինչ այսօր անում են բազմաթիվ, այսպես կոչված՝ չեզոք իրավաբաններ, ոչ այլ ինչ է, քան պայքար նախկինների վերադարձի համար: Որովհետեւ հասկանում են՝ Սահմանադրական ճգնաժամն այսօր վերջին օղակն է, որտեղ քանդվում է նախկին իշխանությունների կողմից իրենց ձեռամբ հաստատված իրավական մենաշնորհը:
Նրանք նման են այն օլիգարխներին, որոնք իրենց հարստությունը կուտակել են ոչ թե ազատ մրցակցային շուկայական պայմաններում, այլ իշխանության կողմից իրենց տրված ոչ բնական մենաշնորհների միջոցով, եւ այդ օլիգարխները, բնական է՝ ատում են ազատ մրցակցային տնտեսությունը, որովհետեւ այդ պայմաններում երբեք չեն աշխատել եւ չգիտեն՝ ինչպես բիզնես վարել ազատ, մրցակցային՝ օրինական պայմաններում:

Պարգեւ Ապրեսյան