05.07.2019 12:20

Արսեն Գրիգորյան. Անհեթեթը

Արսեն Գրիգորյան. Անհեթեթը

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն արժանի չի համարել մեկնաբանել ՍԴ անդամների կարգավիճակի մասին արված մտքերը: Ընդհանրապես, մի հարցազրույցի շրջանակներում պարոն Հարությունյանը բազմաթիվ անհեթեթություններ է ասել: Ասենք, պարզվում է՝ նախկինում զանգերով արդարադատություն չի եղել: Բայց կանգ առնենք Վահե Գրիգորյանի ասածների մասին մեկնաբանություններին: Ըստ նրա՝ ՍԴ դատավորի ասածներն անհեթեթ են: Դրանց վրա ժամանակ վատնելու կարիք չկա: Մարդն ասում է՝ եթե ես հիմա հայտարարեմ, որ Ճապոնիայի կայսրն եմ, ինձ դրանից ոչինչ չի լինի:

Հիմա անհեթեթությունների մասին: Դավիթ Հարությունյանը 2001-ի սեպտեմբերին «Առագաստ» սրճարանում  Պողոս Պողոսյանի սպանության մասին առաջին հայտարարությունն անողներից է. «Ինչ-որ բան էնտեղ տեղի է ունեցել»: Իսկ ինքը դեպքի վկաներից էր, Ռոբերտ Քոչարյանի եւ Շառլ Ազնավուրի հետ ջազ լսողներից մեկը: «Ինչ-որ բան»: Իսկ մարդուն ուղղակի սխկել էին, կոտլետ էին սարքել: Եվ Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ այդ բարձրաստիճան բռնությունը անհեթեթի գիտակը համարում է «ինչ-որ բան»: Անհեթեթի մասին պարոն Հարությունյանի պատկերացումները վեյթինգով անգամ չես ուտի: Հայաստանում այնքան ընտրություններ ու հանրաքվեներ են կեղծել, եւ դրանց բոլորի մասին պարոն Հարությունյանը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել:

Դավիթ Հարությունյանն այն մարդկանցից է, որը չէր հասկանում, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների առիթով ժողովուրդը փողոց էր դուրս գալիս: Նա ասում էր. «Մտահոգիչ է այն, որ զանգվածներն առանց հասկանալու սահմանադրական փոփոխությունների էությունը, փողոց են դուրս գալիս»: Այսօր հո չի՞ ասի, որ այն ժամանակ մարգարեանում էի: Իսկ մարդիկ փողոց էին դուրս գալիս, որ կանխեն Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Հաստատ՝ Սերժ Սարգսյանից ազատվելու մղումը չէր սահմանադրական փոփոխությունների էությունը: Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ Վահե Գրիգորյանի փաստարկներն ամեն ինչ էլ կարելի է համարել, եթե հակափաստարկ չկա: Քանի՞ տարի է պարոն Հարությունյանը նախարարի պաշտոնում պայքարել կոռուպցիայի դեմ: Պարզվեց՝ այդ ընթացքում միայն ծաղկել է կոռուպցիան: Ինքն անձամբ կանխե՞լ է կոռուպցիոն որեւէ երեւույթ:

Մամուլը գրում էր, որ պարոն Հարությունյանի եղբայրը երկար ժամանակ «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատերն էր, որը սեփականաշնորհումից առաջ սնանկացել էր կասկածելի պայմաններում, որ մյուս եղբոր միջոցով ժամանակին փորձել են սեփականատիրոջից խլել Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը, որ կարճ կյանք ունեցած Տնտեսական դատարանում որպես սնանկ ճանաչվող կողմի շահերի ներկայացուցիչ հանդես էր գալիս Դավիթ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Հարությունյան և գործընկերներ» իրավախորհրդատվական ընկերությունը, որ Հյուսիսային պողոտայի իրացման գոտու բնակիչներից վերջիններիս տները հնարավորինս էժան և արագ խլելու գործում կրկին իր դերակատարությունն է ունեցել Դավիթ Հարությունյանը, ում արդարադատության նախարար եղած ժամանակ և ում նախաձեռնությամբ էլ փոփոխություններ են կատարվել Հողային և Քաղաքացիական օրենսգրքում, և ում եղբայրներին պատկանող իրավախորհրդատվական ընկերությունը նորից հանդես էր գալիս որպես կառուցապատողի շահերի պաշտպան:

Հիմա Դավիթ Հրարությունյանին մնացել են միայն բառերը: Նա չունի վերջին 20 տարիների հզորությունը, կարող է լրագրողներին հարցերը ճիշտ ձեւակերպելու մասին դասեր տալ, կարող է ծիծաղել դատարանները շրջափակելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա: Դրանցից նա ավելի իրավացի չի դառնում: Նա չի կարող կանխել նոր Հայաստանի բարեփոխումները: Եվ հենց այդ անզորությունն էլ նրա «հակափաստարկները»  դարձնում է հիստերիկ: Նրա իշխանության օրոք Վահե Գրիգորյանը ձերբակալվել է Հյուսիսային պողոտայից դուրս շպրտված քաղաքացիների պաշտպանության գործով, որտեղ, ըստ մամուլի, շինարարական գործունեություն է ծավալել նաեւ Դավիթ Հարությունյանը կամ նրան փոխկապակցված անձինք: Ու սա անհեթեթ չէ: Պարզապես՝ այլեւս նման բան չի լինելու: Ահա ինչու իր տեղը չի գտնում Դավիթ Հարությունյանը: