08.07.2019 14:06

Վիրաբույժները դատապարտում են Իրանում ընդունված նոր օրենքը

Վիրաբույժները դատապարտում են Իրանում ընդունված նոր օրենքը

Իրանում ընդունված նոր օրենքի համաձայն՝ մահապատժի ենթարկված անձինք կարող են նախապես համաձայնություն տալ, որ իրենց օրգանները վաճառվեն փոխպատվաստման նպատակով, գրում է Daily Telegraph-ը:

Իրանի վիրաբույժների ընկերությունը խստորեն դատապարտել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ այն կվարկաբեկի իրենց մասնագիտությունը, ինչպես նաև՝ Իրանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Թերթը մեջբերում է Թեհրանում Խոմեյնիի անվան հիվանդանոցի լյարդի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ալի Ջաֆարյանի խոսքը, ըստ որի՝ Իրանում ոչ մի վիրաբույժ չի հետևի այդ օրենքին, քանի որ այն «հակասում է բարոյականությանը և մասնագիտության սկզբունքներին»:

Փոխպատվաստվող օրգանների պակասը Իրանում հանգեցրել է նրան, որ երկրում գոյացել է սև շուկա, և մարդիկ բացահայտ կերպով հաղորդագրություններ են հրապարակում, թե պատրաստ են վաճառել իրենց երիկամներից մեկը՝ հաճախ ընդամենը 200 դոլարով:

Մինչև հիմա միակ երկիրը, որտեղ մահապատժի ենթարկված կալանավորների օրգաններն օգտագործվում էին փոխպատվաստման նպատակով, Չինաստանն էր: Այստեղ այդ պրակտիկան արգելվել է 2015 թ., թեպետ մինչև հիմա էլ լուրեր են հասնում, որ այն շարունակվում է:

Փոխանցում է BBC-ն: