09.07.2019 11:47

Արսեն Գրիգորյան. Ուշացածը

Արսեն Գրիգորյան. Ուշացածը

Սերժ Սարգսյանը խոսեց: Հայոց արքաների դամբարանի մոտ: Մարդը խոսեց Սահմանադրությունից եւ կոչ արեց ամեն գնով «պաշտպանել Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լավն եք համարում այն, թե վատ»:

Բայց մենք «պաշտպանողներին» տեսել ենք: Ամենագլխավոր «պաշտպանը», նույնիսկ պաշտպան էլ չէ, երաշխավորը, հիմա նստած է հենց Սահմանադրության դեմ իրականացրած ոտնձգության համար: Մի մասը փախած է, մի մասն էլ հիմա միայն ենթարկվում է Սահմանադրությանը, իրենից արդեն ոչինչ կախված չէ, ստիպված է միայն ենթարկվել: Սերժ Սարգսյանը ենթարկվողներից է:

Սահմանադրությունն այդպիսի բան է՝ եթե խախտեցիր, ստիպված ես ենթարկվել: Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, խախտեցիր՝ կզբաղվի քեզանով: Պետք չէ, որ մարդ իրեն գիտունի տեղ դնի: Երրորդ նախագահը հեգնանքով է խոսում Սահմանադրության այսօրվա մեկնաբանների մասին: Նա ասում է՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունի տեղ, իրավաբանի տեղ եւ փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը: Այս խոսքերը պետք էր ժամանակին Գագիկ Հարությունյանին ասել, Հրայր Թովմասյանին ասել, որպեսզի այսօր չստանայինք այն, ինչ ստացանք: Ո՞վ է իրեն գիտունի տեղ դրել:

Եզակի ժամանակներ են՝ Սահմանադրությանը հանգիստ թողնելու իմաստով եւ նրանով առաջնորդվելու: Սահմանադրությանը պետք էր հանգիստ թողնել 2005-ին, երբ աննախադեպ կեղծիքներով փոխեցիք, 2008-ին, երբ բանակը ներքաշեցիք ներքաղաքական խնդիրների մեջ, 2015-ին, երբ կրկին որոշեցիք փոխել եւ մնալ պետության առաջին գլուխ: Եվ հետո հիմա ժամանակներ են, երբ մարդիկ փորձում են ավելի լավ իմանալ իրենց սահմանադրական իրավունքները: Սահմանադրությունը կարող է հարցեր առաջացնել, եւ մարդիկ իրավունք ունեն հնչեցնելու իրենց հարցերը: Նրանք Սահմանադրություն չեն հարմարեցնում իրենց, նրանք չեն գրոհում Սահմանադրության վրա: Նրանք երկրի հիմնական օրենքի հետ իրենց հարազատության սահմաններն են ճշտում: Այդպիսին է մարդը, որը վերջապես հասկացել է, որ օրենքն առաջին տեղում է:

Ընդամենը մեկ տարի առաջ Սահմանադրությունն իրենից ոչինչ չէր ներկայացնում: Հիմա շատ ուշ է Սահմանադրության արժանապատվությունը պաշտպանելու համար, ձեր աջակցությունը Հրայր Թովմասյանին չի փրկելու: Ընդամենը մեկ տարի առաջ Սահմանադրությունը միջոց էր, որպեսզի դուք ձեր իշխանությունը հավերժացնեիք: Հիմա Սահմանադրությունը եկել է առաջին պլան: Նա նույնացված է ՀՀ-ի արժանապատվության հետ, հիմա, շնորհիվ Սահմանադրության, բոլորը գիտեն իրենց տեղը, գիտեն նույնիսկ այն բանտը, որտեղ պիտի նստեն, ահա ինչու իրենց ոտքով են գնում այնտեղ:

Այնպես որ՝ պետք չէ խոսել Սահմանադրության պաշտպանությունից: Պետք չէ խոսել արդեն ազատություն ձեռք բերած մարդուն նրանցից պաշտպանելուց, ովքեր նրան ազատել են: Եվ հատկապես պետք չէ, որ դա ասի պատանդառուն: Հիմա պարզապես մեզ հետ միասին վայելեք էն հավասարությունը, որը տալիս է Սահմանադրությունը: Անհավասարության դեպքում մեզնից մեկի համար լավ չէր լինի: Իսկ այդ ժամանակներն անցան: