09.07.2019 14:51

Հոնկոնգի իշխանություններ․ «Արտահանձնման վերաբերյալ օրենքը կենսունակ չէ»

Հոնկոնգի իշխանություններ․ «Արտահանձնման վերաբերյալ օրենքը կենսունակ չէ»

Հոնկոնգի իշխանությունները հաստատել են, որ հրաժարվում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի հետագա մշակման աշխատանքներից, և այն անվանել են «ոչ կենսունակ»։

Այդ մասին տեղեկացրել է Հոնկոնգի վարչական ղեկավար Քերրի Լամը։

«Եթե վարչակազմի անկեղծության նկատմամբ կան կասկածներ կամ անհանգստություն, որ օրենքի մշակման աշխատանքները կարող են վերսկսվել, ապա կրկին ասեմ, որ մենք նման ծրագրեր չունենք, օրինագիծը կենսունակ չէ»։

Մի քանի շաբաթ առաջ Հոնկոնգում օրինագծի դեմ, ըստ որի՝ նախատեսվում էր  դատական հետապնդման համար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստանին հանձնել այն անձանց, որոնք կասկածվում են ՉԺՀ օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են, փողոց էր դուրս եկել գրեթե երկու միլիոն մարդ։ Այդպես սկիզբ էին առել զանգվածային բողոքի ցույցերը։

Ընդդիմադիրները մտավախություն ունեին, որ ըստ այդ օրինագծի՝ արտահանձնումը կարող էր տարածվել ոչ միայն նրանց վրա, ովքեր կասկածվում են քրեական հանցագործություններում կամ կոռուպցիայում, այլև նրանց, ովքեր իրավապաշտպան գործունեություն են ծավալում։

Փոխանցում է euronews-ը։