09.07.2019 20:06

Լիզա Ճաղարյան. Դահճին զոհ մի՛ ըսեր, մեղք է

Լիզա Ճաղարյան. Դահճին զոհ մի՛ ըսեր, մեղք է

Սուսամբարն իմ զուգահեռ դասարանից էր։ Դպրոցի լավագույն աշակերտներից էր, իջեւանյան գրադարանի «Մեր լավագույն ընթերցողները» ցուցատախտակին նրա լուսանկարն էլ կար, ու միայն դրա պատճառով սիրում էի նրան։ Մտերիմ չէինք. վստահ եմ, միակ պատճառն այն էր, որ համադասարանցի չէինք, թե չէ Գիրքը հաստատ կմտերմացներ մեզ։

Գեղեցիկ աղջիկ էր, սիրուն ծամերով. մինչեւ հիմա ձայնն ականջիս է՝ մի տեսակ դանդաղ, ծոր տալով ու շատ անուշ էր խոսում։

Խաղաղ ապրող, միապաղաղ կյանքից ալարկոտ դարձած Իջեւանը մի առավոտ շանթահարվեց սահմռկեցնող բոթից։ 14-ամյա Սուսամբարի խոշտանգված, բռնաբարված մարմինն էին գտել քարուղռերի մեջ՝ աչքերը հանած, կոկորդը կտրած։ Կոշիկներից մեկը կոկորդն էին խցկել, մյուսն էլ՝ ոտքերի արանքը։

Քարացել էր Իջեւանը։ 60-ականների սովետական ազատ աշխարհում ծանրագույն հանցագործությունները չէին հանրայնացնում, նույնիսկ բնական աղետներն էին գաղտնի պահում, արտասահմանյան սարսափ ֆիլմերը հասանելի չէին, հասանելի ֆիլմերից էլ մոնտաժում էին մեր «երջանիկ» կյանքը խաթարող կադրերը։

Մեր ծնողները ահաբեկված էին, իրենք էին մեզ ուղեկցում դպրոց, իրենք էլ դիմավորում էին, ու մեծերը ողբում էին խեղճ-խեղճ Սուսամբարի համար, փոքրերս էլ հոնգուր-հոնգուր մղկտում էինք։

Չորս ամիս անց հայտնաբերեցին մարդկային կերպարանքով գազաններին։ Չորսն էին։ Չորսն էլ «ավանդական» ընտանիքի տեր էին, երեխաներ ունեին, աշխատում էին, իրենց «սուրբ օջախը» շեն էին պահում։

Խեղճ-խեղճ Սուսամբարը գնացել էր հորաքրոջ տուն, տան դուռը փակ էր տեսել, հարեւանուհու դուռն էր ծեծել, հարեւանուհին էլ ասել էր՝ արի մեր տանն սպասիր, մինչեւ հորաքույրդ գա։ Հարեւանուհու տուն հյուր էին եկել նրա հարազատ եղբայրը երեք ընկերների հետ։ Նստել էին, կերել-խմել էին, հետո հարեւանուհին ասել էր՝ էս էրեխուն ձեր մեքենայով տուն կհասցնեք։

«Հասցրել էին»։

Իջեւանցիները բաց դատ պահանջեցին։ Դատավարությունն ընթացավ Իջեւանի կուլտուրայի տան մեծ դահլիճում։ Մեր ծնողները մասնակցում էին դատավարությանը, բայց երեխաներիս, բնականաբար, թույլ չէին տալիս նույնիսկ դահլիճի կողքով անցնել։

Չորսին էլ գնդակահարեցին։

Բայց Իջեւանը փոխվեց, իջեւանցին էլ փոխվեց։ Մինչ այդ ոչ մեծերը, ոչ փոքրերը չգիտեին, որ «ավանդական» ընտանիքի հայրերն ընդունակ են նման հրեշավոր ոճրագործության։ Պարզվեց՝ ընդունակ են։ Պարզվեց՝ մարդիկ կան, որոնց համար իրենց երեխան երեխա է, իսկ ուրիշի երեխան՝ բռնաբարության ու խոշտանգման առարկա։

60-ականների իջեւանցիները, վստահ եմ, ինձ նման չեն մոռացել սիրուն Սուսամբարին ու երբեք չեն մոռանա։

«Ավանդապահ» Իջեւանում ոչ մեկի մտքով չանցավ ասել՝ երեւի մի բան արել է, էլի, որ բռնաբարել են ու սպանել, կարող է պատահի բարձր է ծիծաղել, երեւի շատ է ժպտացել, երեւի ոտքը ոտքին է գցել, էդ խեղճ «ավանդապահներն» էլ մտածել են՝ կարելի է...

Դե, նաեւ չէին կարող ասել՝ Սորոսն է մեղավոր, Եվրոպան է մեղավոր, ԼԳԲՏ-ականները եթե չլինեին, նման բան չէր լինի։ Չէին կարող, որովհետեւ գաղափար չունեին, թե դրանք ով են, ինչ են, պատառաքաղով են ուտում, թե գդալով։

Հիմա՛ ասում են։ Հիմա կատարվեր այս զարհուրանքը, փորփրելու էին 14-ամյա աղջնակի կենսագրությունը, ու եթե «ավանդապահության» ոտնահարման փաստեր չհայտնաբերեին՝ փույթ չէ, կհորինեին։ Եթե դատարանից հաջողեին լուսանկարներ փախցնել, առանց աչք ճպելու ֆեյսբուքներում ու կայքերում կհրապարակեին ու մեկնաբանություններում, օրինակ, կգրեին՝ էս ի՞նչ կոշիկ էր հագնում։ Ու ոմանք կհռհռային։

Չափազանցու՞մ եմ։

Ամենեւին։ Աչքի անցկացրեք «ավանդական ընտանիքի» տղամարդկանց գազանությունների զոհ կանանց հասցեին դատապարտող մեկնաբանությունները (դրանց հեղինակների մի ծանրակշիռ հատվածը կանայք են), եւ ցավոք՝ դրանից հետո կասեք, որ շատ մեղմ եմ գրել։  

21-րդ դարն ենք գլորում, եւ «ավանդապահներին» լսելիս ու կարդալիս ստիպված ենք խոստովանել, որ նույնիսկ ոչ թե տեղում դոփում ենք, այլեւ գահավիժել ենք ու շարունակում ենք գահավիժել։

Ի՞նչ է կատարվել ու կատարվում մեզ հետ։ Դժվար թե նկատած չլինեք, որ այս «ավանդապահներն» իրենց արյունռուշտությունն արդարացնելու համար պատեհ-անպատեհ «կախվում են» Աստծու փեշերից։ Սա չի՞ անհանգստացնում Հայ Առաքելական եկեղեցուն։ Բացի հարսանեկան ու թաղման արարողակարգերից, ուրիշ անելիք չունե՞ն Աստծո սպասավորները, թե՞ սա իրենց «հոգեհարազատ» վիճակ է՝ եթե «հնազանդ ես», իրենց գլխացավանքն էլ է քիչ, ի վերջո՝ իրենք էլ են «վերին արտի ցորեն» տղամարդ։

Այս ակնհայտ հոգեւոր հետաճը պետական այրերին չի՞ մտահոգում։ Տեսնող կա՞ այդ մտահոգությունը։ Ես չեմ տեսնում։ «Սորոսական» ու «ԼԳԲՏ-ական» նենգ որակավորումների՞ց են վախենում, քի՞չ մտածելու բան ունեն, ընտանեկան բռնությունն ու մանկապղծությունն էին գլխներին պակաս, եւ ամենեւին հրատապ հարց չէ, որ իր կնոջ դեմքը դանակով այլանդակած ամուսինը դատարանի դահլիճից համաներմամբ տուն է գնում, իսկ հասարակությունն էլ հանգիստ քննարկում է, թե տեսնես՝ ինչ վատ բան է արել էդ կինը, որ խեղճ ամուսինը ստիպված է եղել այդ քայլին դիմել։

Ես չգիտեմ այս հարցերի պատասխանները։ Այս հարցերն ինձ համար առաջնահերթ դարձան այն օրից, երբ մամուլում կարդացի, որ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի նման «բարի» մարդու համար վաշ-վիշ էին անում պղծված մարմնով ու խեղված ճակատագրով երեխաների մայրերը։

Եվ եթե այն ժամանակվա իշխանությունից սպասելիքներ չունեինք, հիմա կարծես սպասելիքներ կան նոր իշխանությունից, եւ դրանցից մեկն էլ հոգեխեղման այս արհավիրքի՝ դահճին արդարացնելու եւ զոհին մեղադրելու «հաղթարշավի» պատճառները հասկանալն ու հրատապ բուժման ճանապարհը գտնելն է։

Հ.Գ. Այս պատմությանը տարիներ առաջ անդրադարձել եմ նաեւ «Հայկական ժամանակում»։ Հուսանք, երրորդ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն չի ծագի։