10.07.2019 12:04

Հանուն Brexit-ի՝ Ջոնսոնը կարող է կասեցնել խորհրդարանի աշխատանքը

Հանուն Brexit-ի՝ Ջոնսոնը կարող է կասեցնել խորհրդարանի աշխատանքը

Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարել, որ կարող է կասեցնել խորհրդարանի աշխատանքը, եթե դա պետք լինի երկիրը ԵՄ-ից առանց պայմանագրի դուրս բերելու համար։

Այդ մասին նա հայտարարել է ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի հետ հեռուստաբանավեճի ժամանակ։ Ընդ որում՝ Ջոնսոնը հրաժարվել է պատասխանել իր մրցակցի հարցին՝ պատրա՞ստ է, արդյոք, հրաժարական տալ, եթե մինչև հոկտեմբերի 31-ը չկարողանա ապահովել Brexit-ը։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է որևէ հանգամանք չերևակայել, որի դեպքում մենք մինչև հոկտեմբերի 31-ը չենք կարողանա դուրս գալ ԵՄ-ից։ Ես չեմ ուզում, որ Եվրամիությունում մտածեն, թե կարող են նպաստել իմ հրաժարականին՝ գործարքը պաշտպանելուց հրաժարվելուս համար»,- ասել է Ջոնսոնը։

ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանի մասին հարցին (որի գաղտնի նամակները՝ ԱՄՆ նախագահի մասին  վիրավորական գնահատականներով, վերջերս հրապարակվել էին ԶԼՄ-ներում, իսկ Թրամփը հայտարարել էր, թե այլևս չի աշխատի այդ դեսպանի հետ) Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը պատասխանել է. «Թե ով կլինի դեսպանը՝ դա բրիտանական կառավարության և վարչապետի խնդիրն է։ Եվ ես արդեն հիմա էլ կարող եմ ասել, որ եթե ես դառնամ վարչապետ, Վաշինգտոնում նույն դեսպանը կաշխատի, որովհետև մենք այդպես ենք որոշել»։

Իր հերթին՝ Ջոնսոնը խուսափել է ուղիղ պատասխանից. « Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ նախարարները չհրապարակեն ու չմեկնաբանեն այն խորհուրդները, որոնք տալիս են պետծառայողները, եթե ուզում ենք, որ պետական ծառայողները շարունակեն անկաշկանդ և օբյեկտիվորեն խորհուրդներ տալ»։

Փոխանցում է euronews-ը։