10.07.2019 21:55

Արսեն Գրիգորյան. Վատ դիրիժորը

Արսեն Գրիգորյան. Վատ դիրիժորը

ՍԴ անդամներն արդեն սանձարձակ են դառնում: Նրանք որոշել են քննել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը: Իսկ եթե որոշել են, մտքներին մի բան կա: Ենթադրում եմ՝ անպատժելիության զգացումն է: Հենց դրանով էլ թելադրված՝ ուզում են Քոչարյանին պրծացնել իրեն վերագրվող քրեական հանցանքից:

Վատ չեն մտածել: Հիմա ի՞նչ լեզվով խոսես Հրայր Թովմասյանի եւ ՍԴ մյուս անդամների հետ: Գայթակղե՞լ: Հեչ չարժե: ՍԴ անդամին սպառնա՞լ: Ինչո՞վ: Թերեւս միայն անքնությամբ: Ժողովուրդն այլ բան չի կարող անել, քան հիշեցնել իր գոյության մասին: Որովհետեւ եթե ինքը չհիշեցնի, Քոչարյանն է հիշեցնելու, որ ինքը կա եւ շնչում է ժողովրդի թիկունքին: Սա, իհարկե, Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մյուս անդամներին հետաքրքիր չէ: Նրանք կարծես թե անվրդով քայլում են մի «անտես» ձեռքով գծված ճանապարհով: ՍԴ անդամները մի ամբողջ պետության հասկացնում են, որ իրենք պետություն են պետության մեջ: Ահա այսպես են նրանք հասկացել իրենց ինստիտուտի անկախությունը:

Նրանք անշուշտ չեն մոռացել, որ կա նաեւ ժողովուրդ, որը կարող է անհանգստացնել իրենց: Բայց կարծես թե չեն հավատում, որ բանը դրան կհասնի: Գուցե այս մարդիկ ընդամենը սակարկման դաշտ են առաջարկում իշխանություններին: Այսինքն, եկեք մեզ հետ բանակցեք, մենք ձեզ ասենք, թե ինչ գնով կնահանջենք: Չգիտեմ: Բայց էս սանձարձակությունը ավելի լավ բան մտածելու տեղ չի թողնում:

Այս մարդիկ նահանջել չեն ուզում, որովհետեւ ինչ-որ մեկը կարծես թե նրանց հասկացրել է, որ ինչքան ավելի համառ լինեք հեղափոխության հետ ձեր հակադրություններում, այնքան ձեր գինը կբարձրանա: Բայց, մեծ հաշվով, ինչի՞ մասին է խոսքը: Խոսքն այն մասին չէ՞, որ միշտ մի գին կգտնվի, որի առջեւ կնահանջեք: Մի խոսքով, աստեղային օրեր են ՍԴ անդամների համար: Ուրիշ ե՞րբ է Ալվինա Գյուլումյանը հիշեցնելու իր մասին: Կամ Ֆելիքս Թոխյանը: Քոչարյանի հայցի օրերին արդեն ամբողջ հանրապետությունն է լսելու այս մարդկանց մասին: Նրանք ինչպե՞ս այդ առիթը թողնեն ու հեռանան: Ինչպե՞ս են մտածելու իրենց «օգտակարության» մասին, երբ մի ամբողջ ժողովուրդ սպասում է, որ հեռանան: Պարզ է, հեշտ չի լինելու այս մարդկանց համար: Եվ իրենք այս մտածմունքի դեմ են նաեւ ըմբոստանում:

Իհարկե, բոլորի գործողություններում զգացվում է Հրայր Թովմասյանի դիրիժորությունը: Երեւի նա Սահմանադրության մի նոր մեկնաբանություն է հնարել նրանց անձեռնմխելիության համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ այս պետության մեջ դեռ ոչ ոք, ըստ էության, իր խոսքը չի ասել՝ ոչ օրենսդիրը, ոչ գործադիրը, ոչ էլ ժողովուրդը: ՍԴ-ում դրա՞ն են սպասում: Այսինքն, չեն էլ ուզու՞մ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հանկարծ այս երեքը որոշեցին իրենց խոսքը միաձայն ասել: Մի խելքը գլխին երեւակայություն ունեցող չկա՞ այդ մարմնում: Իրենք էլ իրենց չեն նախանձի, եթե հանկարծ այս երեքը խոսեցին: