11.07.2019 10:30

Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆեդերերը՝ լավագույն թենիսիստ

Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆեդերերը՝ լավագույն թենիսիստ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշծությունը, որը հիմնադրել է ESPN մարզական հեռուստաալիքը։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։ Իսպանիայի անցած առաջնության 34 խաղում Մեսսին խփել է 36 գոլ, արժանացել Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին»։ 32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի հետ 10-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

Մեսսիից բացի, մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ հոլանդացի Վիրջիլ վան Դեյկը։

Տարվա լավագույն թենիսիստ է ճանաչվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը հետ է թողել սերբ Նովակ Ջոկովիչին, իսպանացի Ռաֆայել Նադալին եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Տարվա լավագույն թենիսիստուհու մրցանակը բաժին է հասել ամերիկացի Սերենա Ուիլյամսին։ Մրցանակի հավակնորդներն էին նաեւ ռումինացի Սիմոնա Հալեպը, ճապոնացի Նաոմի Օսական եւ չեխ Պետրա Կվիտովան։