11.07.2019 11:00

ՊՍԺ-ն տուգանել է Նեյմարին 375 հազար եվրոյով

ՊՍԺ-ն տուգանել է Նեյմարին 375 հազար եվրոյով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի աշխատավարձից կպահի 375 հազար եվրո։ Այդքան տուգանք է նախատեսված ֆուտբոլիստներին նախապատրաստական փուլի մարզումային ճամբար չներկայանալու համար, հաղորդում է Goal.com-ը։

ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարությամբ արձանագրել էր, որ բրազիլացի հարձակվողը հուլիսի 8-ին պետք է ներկայանար ակումբ, սակայն չի ժամանել։

Դրանից հետո Նեյմարի հայրը հայտարարեց, որ փարիզյան ակումբում տեղյակ են եղել, որ Նեյմարը Instituto Neymar Jr. բարեգործական հիմնադրամի գործունեության հետ կապված պետք է մեկ շաբաթ ուշ միանար թիմին։ Նեյմարի հայրը որդու գործակալն է։

Նեյմարը հայտարարել է, որ չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում։ Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը արձագանքել է, որ ոչ ոք չի ստիպել Նեյմարին կնքել պայմանագիր, եւ նա պարտավոր է կատարել այն։ «Բարսելոնայի» նախագահը հայտարարել է, որ գիտի Նեյմարի վերադառնալու ցանկության մասին, սակայն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադրություն չունի վաճառել նրան։