12.07.2019 12:00

Եվրագավաթային մրցաշարերի մասնակիցները կստանան 2,55 միլիարդ եվրո

Եվրագավաթային մրցաշարերի մասնակիցները կստանան 2,55 միլիարդ եվրո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ընդհանուր եկամուտը 2019-2020 թվականների մրցաշրջանում կկազմի 3,25 միլիարդ եվրո։

Այդ մրցաշարերի մասնակից ակումբները կստանան 2,55 միլիարդ եվրո։ 2,04 միլիարդը բաժին կհասնի Չեմպիոնների լիգայի, 510 միլիոնը՝ Եվրոպայի լիգայի մասնակիցներին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Սուպերգավաթի խաղի հաղթողը կստանա 4,5 միլիոն եվրո, պարտվողը՝ 3,5 միլիոն եվրո։

295 միլիոն եվրո կկազմեն մրցաշարերի կազմակերպչական ծախսերը, 227,5 միլիոն եվրո կստանան ՈւԵՖԱ-ի անդամ երկրները համերաշխության վճարների ծրագրով։ Ազգային ֆեդերացիաները կստանան նաեւ ընդհանուր 130 միլիոն եվրո, որը կուղղվի եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չնվաճած ակումբներին։