15.07.2019 18:20

Լիզա Ճաղարյան. Աննախադեպ իրավիճակ՝ անհեթեթության «շուքին տակ»

Լիզա Ճաղարյան. Աննախադեպ իրավիճակ՝ անհեթեթության «շուքին տակ»

«Այ եթե բանաձև անցկացնեք, որով Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ես ինքս կասեմ՝ ապրեք, տղերք, հալալ է»:

«Ես ինքս»-ը ո՞վ է, ժողովուրդ։ Ո՞վ է այս դատավորաց դատավորը, հրեշտակաց հրեշտակը, սրբոց սուրբը, որ ահա՛ այսպես՝ իր անցած անբասիր ու անշեղ ճանապարհի, հանուն հայրենիքի անմռունչ զրկանքներ կրելու եւ իր լուսեղեն անբիծ կենսագրությամբ մեր այս դժվարին ու քարքարոտ ընթացքը Դանկոյի սրտի պես լուսավորելու շնորհիվ վաստակել է նոր իշխանություններին գնահատականներ տալու եւ մեծահոգաբար քաջալերելու իրավունքը։ Չլինի՞ ազգի խիղճն է այս «ես ինքս»-ը։

Հը՞։

Որ կողմից նայում եմ, ոնց որ թե Աշոտյան Արմենն է... Հա՛ էլի. նախկին հանցագործ իշխանական կուսակցության փայլփլուն փոխնախագահն է։

Հենց այն նույն Աշոտյան Արմենն է, որին մի քանի տարի առաջ ցուցարարները միահամուռ եւ շատ հյութեղ ու խոսուն կոչով շատ արդարաբար վռնդեցին Բաղրամյան պողոտայից։ Հենց այս նույն կարկառուն ՀՀԿ-ականն է՝ իր կուսակիցների ու մանկլավիկների հետ «անձնազոհաբար» ստանձնել պետության Գլխավոր Ժյուրիի պատասխանատու դերը, ու լույսը չբացված՝ մինչեւ կեսգիշեր սրանք դասեր են տալիս երկրի նոր ղեկավարներին, թե ինչպես պետք է պետություն ղեկավարել (իրենք փաստորեն ղեկավարում էին, եւ աշխարհը հիացմունքից ու նախանձից ախ էր քաշում, որ իրենց բախտ չի վիճակվել այդպիսի անզուգական իշխանության տեր դառնալ. բա Հայաստանի քաղաքացիները տեսնես ինչու՞ էին տարիներ շարունակ սեփական ոչ բարով իշխանությունների ստորաքարշ, նվաստ գոյության պատճառով ամեն անգամ ամոթից գետինը մտնում դրանց փոխարեն)։

Ամբարտավան կեցվածք ընդունած մեծ-մեծ բրդում են, թե ինչպես պետք է տնտեսություն զարգացնել (իրենք փաստորեն զարգացնում էին, ու չգիտես ինչու՝ այդ աննախադեպ վերելքի տարիներին Հայաստանի քաղաքացիներն աղքատության եւ ամենօրյա նվաստացման ճիրաններում անզորությունից սեփական եղունգներն էին կրծում՝ տեսնելով, թե ինչպես են սրանք անթաքույց ու լկտիաբար թալանում եւ քերում երկրի ողնաշարը՝ օտար զավթիչներից առավել սադիստաբար)։

Հիստերիկ ճիչեր են արձակում օրենքի գերակայության, արդար դատարանի, մարդու իրավունքների մասին, Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի անձեռնմխելիության մասին են ճամարտակում, բարեպաշտությունից ու մարդկայնությունից են պոռոտախոսում, ազգային ավանդույթների մասին են ճոռոմաբանում (իրենք, փաստորեն, երբ մարդասպանների ու գողերի վրա «արդարադատության» թեւերն էին փռում ու փայփայում սրանց, երբ բանտախցերն էին լցնում անմեղներին, «ձեռի հետ» էլ սպանում էին անզեններին, զբաղված էին ահա պետական այդ «սրբություն սրբոցների» պահպանմամբ)։

Պատրաստ են Օլիմպոսի գագաթից իջնել, թփթփացնել «տղերքի» ուսերը ու ասել՝ ապրեք, հալալ է, եթե նորերին հաջողվի բանակցության սեղանին վերադարձնել Արցախի իշխանությանը (կարծես հենց իրե՛նք չէին այդ սեղանից հեռացրել արցախցիներին), հետն էլ Արցախի խնդրի լուծման անհապաղ պահանջ են դնում սրա՛նք՝ ապրիլյան եղերական պատերազմի գլխավոր մեղավորները (իրենք փաստորեն լուծել էին Արցախի հարցը, տարածքի կորստով ու հարյուրից ավելի պատանիների մատաղ անելով «փառահեղ հաղթանակներ» էին «կերտել», իսկ ահա այս նորերը եկել ու ջուրն են լցրել իրենց հերոսական ջանքերի արդյունքները)։

Հայաստանը երբեւէ ապրե՞լ է այսպիսի անհեթեթ, անտրամաբանական օրեր ու տարիներ։

Ես չեմ հիշում։

Ո՞ր երկրում էր հնարավոր, որ հեղափոխությամբ, ողջ ժողովրդի միակամ «ՈՉ»-ով պատմության աղբանոցը նետեն հանցագործ իշխանություններին, եւ հենց իշխանափոխության հաջորդ օրից այդ հանցագործները՝ առանց գեթ կեսբերան մեղա գալու իրենց անթիվ-անհամար չարագործությունների համար, մեկ էլ դատավորի պատմուճանը գցեն իրենց նսեմ ուսերին եւ սկսեն աջուձախ մեծախոսել ու հպարտանալ իրենց «քաջագործություններով»։

Միայն մեր երկրում էր հնարավոր այս լպիրշ ու փնթի Կապկազ թամաշան։

Իսկ թե ինչու, պատասխանը գուցե գիտեն թավշյա իշխանությունները։

«Ես ինքս» չգիտեմ։