16.07.2019 11:51

Արսեն Գրիգորյան․ Պսևդոդոնկիխոտները

Արսեն Գրիգորյան․ Պսևդոդոնկիխոտները

Ռոբերտ Քոչարյանի համար կռիվ տվողները հաստատ իրականության զգացում չունեն։ Մեկ վայրկյան չեմ կասկածում։ Ասենք թե՝ Վենետիկի հանձնաժողովը պնդում է, որ ՍԴ անդամները դատավորներ են։ Դիցուք, Ռուբեն Մելիքյանին կամ Գեւորգ Պետրոսյանին դա ի՞նչ է տալու։ Իրենք մտածում են, որ Վենետիկի հանձնաժողովը թուր ու թվանք է կապելու եւ գալու է մեր իշխանություններին ասի՝ ընդունե՞ք էդ փաստը։

Էս մարդիկ Դոն Կիխոտ են, բայց միայն  իրենց երազներում։ Դոն Կիխոտը գրքից իրականություն չէր տեղափոխվում, էս մարդիկ անցյալից ներկա չեն գալիս։ Համառորեն։ Չեն գալիս ներկա, որպեսզի տեսնեն, թե ինչ անիմաստ պայքարի մեջ են։ Ու էս մարդկանց իրավիճակը դժվարացնում է այն, որ հրապարակայնության մեծ ասպարեզ ունեն։ Էդ ասպարեզը նրանց թույլ չի տալիս առանձնանալ եւ մտածել, թե որտեղ են իրենք, եւ ինչ կապ ունի իրենց իմացածը իրականության հետ։

Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ով այս մարդկանց թույլ չի տալիս պոկվել անցյալից։ Իրենց մամուլը նրանց նաեւ թույլ չի տալիս հասկանալ, թե ինչ սահմանափակ է այն դաշտը, որը «սպառում» է նրանց։ Հարց է ծագում, եթե էդքան սահմանափակ է, ինչու՞ ենք գրում նրանց մասին։ Հիվանդն էլ է մի հոգի, բայց նրանով զբաղվում են։ Հիվանդն, իհարկե, հրապարակայնության դաշտ չի փնտրում, նա վազում է բժշկի մոտ, որպեսզի իմանա իրականությունն իր վիճակի մասին։ Մեր քոչարյանականները չեն վազում լրատվամիջոցներ, այդ լրատվամիջոցները նրանց համար կան։ Չվազեն էլ, գալու են ու խոսեցնեն։ Այդ իմաստով իսկապես լավ չէ քոչարյանական թիմի վիճակը։ Մարդ նույնիսկ չգիտի՝ հաճու՞յք են ստանում էս վիճակից, թե ստիպված են խոսում, որովհետեւ տակը փող կա։ Անձամբ ես չգիտեմ։ Բայց ինչ-որ մի ազդակ է պետք, որը կբացի այս մարդկանց աչքերը։

Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն, իհարկե, այդ ազդակը չէ, որովհետեւ էս մարդիկ անկեղծորեն կարծում են, որ այդ հանձնաժողովը լեգիտիմացրեց ՍԴ անդամների դատավոր լինելու փաստը։ Դա, իհարկե, այդպես չէ, Վենետիկը դեռ դիրքորոշում չի հայտնել։ Նա ուղղակի իր արձանագրության մեջ ներառել է հանձնաժողովի հայ անդամների տեսակետը եւ նշել, որ այս թեմային դեռ կանդրադառնա։ Բայց «երիտասարդ թոշակառուի» կողմնակիցները ոգեւորված են։ Ոգեւորված են, որովհետեւ նման բաները սնուցում են նրանց երազները։ Նրանք գուցե չեն էլ ուզում զրկվել այդ երազներից։ Անձամբ ես խնդիր չեմ տեսնում։ Բայց աղմուկը ավելորդ է։ Ես չեմ ասում, թե պետք է լռեցնել մեր պսևդոդոնկիխոտներին։ Ես ասում եմ, որ ինչ-որ մի բան պետք է կարողանա նրանց վերադարձնել իրականություն։ Ու ոնց նայում եմ՝ դա Հրայր Թովմասյանի հրաժարականն է։ Դա իսկական թերապիա կլինի նրանց համար։ Քոչարյանի գլխավորությամբ։