19.07.2019 11:15

Արսեն Գրիգորյան. Հրայր Թովմասյանը զգուշացնու՞մ է Վենետիկին՝ կռուտիտի տեղ չունես

Արսեն Գրիգորյան. Հրայր Թովմասյանը զգուշացնու՞մ է Վենետիկին՝ կռուտիտի տեղ չունես

 «Ֆայմեց»։ ՍԴ-ն «ֆայմեց»։ Դիմեց ՄԻԵԴ ու Վենետիկ։ Որ 300.1 հոդվածի սահմանադրականությունը ստուգեն։ Իսկապես մտահոգված են Քոչարյանով։ Իրենց արեւին ձիու քայլ են արել ու իշխանություններին թողել ձեռնունայն։ Իբր էս դեպքում ի՞նչ պիտի անեք։ Ոչինչ։ Հրայր Թովմասյանը եւ յուր անդամները հիմա ավելի հաստատ պիտի հեռանան։ Որովհետեւ գլուխ չեն հանում Սահմանադրությունից։

Ո՞վ ասաց, որ մնացած դեպքերում, երբ չեն դիմել, գերազանց գիտեին, թե ինչ են անում։ Այն ժամանակ էլ չեն իմացել։ Ու եթե վախենում են սխալվելուց, քանի որ իրավիճակ է փոխվել, նշանակում է պիտի հեռանան, որովհետեւ նախկինում չեն վախեցել։ Ավելին, ինչպես հիմա եմ հասկանում, մենք երբեք Սահմանադրական դատարան չենք ունեցել, եւ այս վախը միշտ է չոքելու Հրայր Թովմասյանի դռանը։ Նա ամեն առիթով դիմելու է Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ, որովհետեւ նոր իրավիճակում մարդը եւ յոթ անդամները սխալվելու մտադրություն չունեն։ Էս «Նամակ ռուսաց թագավորին»-ի վերջը պիտի տրվի։ Պիտի գան մարդիկ, որոնք իրենց Սահմանադրությունը կարդալ գիտեն։ Չփոխեիք։ Էդքան վա՞տ եք կանխատեսումների մեջ, թողեք գնացեք։ Ինքներդ եք ձեր հրաժարականը գրում նման դիմումներով։ Վենետիկին ու ՄԻԵԴ-ին որպես պո՞չ եք վկայակոչում, որ Քոչարյանին ազատ արձակելը արդարացնեք։ Նրանք ոնց ուզեն, կմեկնաբանեն։ Եվ ենթադրենք, թե որոշեցին, որ օրենքը հակասահմանադրական է։ Բա Թոխյանը 24 տարի ինչո՞վ է զբաղված էդ շենքում, եթե Սահմանադրությունը կարդալ չգիտի։ Իբր իր վրայից մաքրու՞մ է Քոչարյանի նստելը, եթե հանկարծ ՄԻԵԴ-ն ու Վենետիկը որոշեցին, որ օրենքը լավ էլ սահմանադրական է։ Ուրեմն ի՞նչ են անում էս մարդիկ։

Մենք գիտենք, որ նրանց մտքով նույնիսկ սեփական չեզոքության համար ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվություն ստանալը չի անցնում։ Նրանք երաշխավորված տեղյակ են, որ էս երկու կառույցը հաստատ հակասահմանադրականության տարրեր է գտնելու։ Բացառված չէ նույնիսկ որեւէ անատամ որոշումը, երբ չենք հասկանա՝ սահմանադրակա՞ն է հիշյալ օրենքը, թե սահմանադրական չէ։ Ամենասարսափելին այն է, որ ըստ ՍԴ նախագահի ու անդամների, նրանք գտել են լուծումը՝ գործը ՀՀ իշխանությունների շահագրգռվածության դաշտից դուրս բերելու։ Իբր Վենետիկին ու ՄԻԵԴ-ի՞ն ոնց եք հակադարձելու։ Քիչ է մնում ասեն, որ իրենց դիմումի պատասխանը նամակի տեսքով ունեն։

Տեսակետ կա, թե իբր Վենետիկը լավ գիտի մեր Սահմանադրությունը, իսկ ՄԻԵԴ-ն էլ մեր մասով լիքը որոշումներ է կայացրել, կիմանա ինչ է անում։ Բայց ո՞վ ասաց, որ մեր վերջին երկու անգամվա Սահմանադրության խորդուբորդությունից գլուխ կհանեն։ Մի անգամ նրանք արդեն ծանոթացել են մեր Սահմանադրությանը եւ ձայն չեն հանել։ Թովմասյան Հրայրը դա՞ է հիշեցնում Վենետիկին՝ իբր կռուտիտի տեղ չունես, պարոն Բուքիքյո, պիտի ասես, որ օրենքը հակասահմանադրական է։

Կարո՞ղ է մի վեթինգ էլ Հրայր Թովմասյանի գրպանում է, որով Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին վախեցնելու բան ունի։ Հազիվ թե։ Ավելի հավանական է, որ այս մարդն ուզում է գնալուց առաջ դուռը շրխկացնել՝ ազատել Քոչարյանին ու հեռանալ։ Ու ինքը նույնիսկ իրականում դրսի օգնությանը չի նայում։ Նրան ընդամենը ժամանակ է պետք։ Այսքան բան։