19.07.2019 15:00

«Ազատություն». Քոչարյանը ներկայացել էր Վերաքննիչ դատարանի դատական նիստին

«Ազատություն». Քոչարյանը ներկայացել էր Վերաքննիչ դատարանի դատական նիստին

Ռոբերտ Քոչարյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ներկա էր իր գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքի քննությանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց հետաձգել դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար:

«Ազատությունը» հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հունիսի 25-ից։