19.07.2019 18:41

ԲԴԽ. Դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է գրել

ԲԴԽ. Դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է գրել

ԲԴԽ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի դիմումը։

«Հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական եմ տալիս՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանությանը հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - գրել է Տավարացյանը:

Հիշեցնենք, որ Ա1+-ի փակվելու գործում առանցքային դերակատարում ունեցած դատավոր Նախշուն Տավարացյանը դեռ 2018-ին էր ընտրվել ԲԴԽ անդամ, բայց այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ օրեր առաջ երդվեց որպես ԲԴԽ անդամ, ինչից հետո Խորհրդի 9 անդամներից 3-ը նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստ հրավիրեցին, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այսօր մերժեց Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը, իսկ ժամեր անց հրապարակվեց տիկին Տավարացյայի հրաժարականի վերոգրյալ դիմումը: