23.07.2019 15:46

Լիզա Ճաղարյան. Համբերությունը կյա՛նք չի

Լիզա Ճաղարյան. Համբերությունը կյա՛նք չի

Կարծես վաղուց արդեն գաղտնիք չէ, որ ռոբասերժական ավազակախմբի չարագործություններից մեկը, ավելին՝ ամենակործանարարը, երկու տասնամյակ շարունակ հետեւողականորեն իրականացված հոգեւոր սպանդն է՝ իր բոլոր մակերեսային եւ խորքային դրսեւորումներով։

Եվ հիմա՝ իշխանափոխությունից հետո ակնհայտ է, որ նախկին հանցախումբն իր հակաիշխանական քարոզչությամբ փորձում է հենվել հանրության այն հատվածին, որի լյումպենացման, ավելի պարզ՝ բթացման համար քիչ ջանք չի թափել քսան տարի շարունակ՝ վաղուց ի վեր մարդկությանը հայտնի պատճառով. որքան հասարակության գիտակցությունը խոցելի ու անառողջ լինի, այնքան ավելի կառավարելի կլինի այդպիսի հասարակությունը։

Եվ ի՞նչ արեցին սրանք իշխանությունը կորցնելու հենց հաջորդ առավոտից. մոլեգին հետեւողականությամբ սկսեցին իրենց ցանած ու ջրած մոլախոտի օգնությամբ վերակենդանանալ, որովհետեւ սրանց սաստող չեղավ, սրանց հանցավոր գործունեությանը քաղաքական գնահատական տվող չեղավ, սրանց արժանի տեղը ցույց տվող չեղավ։ Իսկ սրանց ցանածն ու ջրածն իրենց լյումպենացված լսարանի «հպարտ» համակերպվածությունն է սահմռկեցնող ապօրինությունների նկատմամբ, սրանց լսարանի համար թալանչիները «լավ տղերքն» են, ազնիվ վաստակով ապրողներն «անբաշարներն» են, օրենքի պաշտպանության համար պայքարողները «գործ տվողներ» են, կաշառք չվերցնող իշխանավորներն էլ «բոմժեր» են։ Սրանց լսարանը շատ դժգոհ է, որ այլեւս չի կարող ջեբկիրություն անել, չի կարող կաշառք տալ ու պաշտոն գնել, չի կարող սպանել ու անպատիժ մնալ եւ ամենակարեւորը՝ չի կարող մուրացկանի պես ձեռքը մեկնել ու «բարի թալանչիներից» ողորմություն ստանալ։

Սրանք սակավաթիվ չեն։ Եթե քիչ լինեին, քսան տարի չէր շարունակվի այդ մղձավանջը։  

Սա կարծես իշխանություններն էլ են գիտակցում։ Տարօրինակ կլիներ, եթե չգիտակցեին։ Եվ ի՞նչ են անում այս շատ վտանգավոր ու պղտոր սելավը կասեցնելու համար։

Ոչի՛նչ չեն անում։ Ավելի ճիշտ՝ թալանած միլիարդներին հենված նախկինների ամրակուռ ու համակարգված հարձակմանն «ընդառաջ»՝ իրենց հատուկենտ ԶԼՄ-ներով «ժողովրդավարություն» են բեմադրում, «բազմակարծություն» են ապահովում (կարծես՝ Հայաստանն ասպատակող այս սանձարձակ բազմակարծությունն իրենց հույսին է մնացել)։

Եվ նախկիններն ավելի ու ավելի լպիրշանալու համար այլեւս մեծ ջանք թափելու կարիք չունեն։ Հաճույքով տեսան ու արձանագրեցին, որ նորերն անտրամաբանական ծեքծեքումներով կոկետություններ են անում իրենց հետ։ Իսկ ո՞վ չգիտի, որ պչրուհիների երեսին եթե նույնիսկ ժպտում են, թիկունքից ծիծաղում են նրանց վրա։ Սրանք նույնիսկ թիկունքից չեն հեգնում, նայում են նորերի թավշյա երեսներին ու հեգնում բոլոր թույլատրելի ու անթույլատրելի ձեւերով, որովհետեւ «ահեղ դատաստանի» սպասումից կիսաուշաթափ վիճակում մնացին ընդամենը մեկ գիշեր. Արարատյան լուսապայծառ առավոտը բացվեց, ու մեկ էլ սրանք տեսան, որ նորերը «թավշյա» թաթիկներով շոյում են իրենց գլուխները։

Որովհետեւ ժողովրդավար են, որովհետեւ բա չլսեցի՞ք, որ վենդետա չի լինելու, որովհետեւ դե՝ ամեն ինչ օրենքով պետք է լինի, իսկ էդ անտեր օրենքն էլ ախր հիմնավորումներ է պահանջում, հիմնավորողներն էլ ախր էն չեն՝ նախկինների հանցագործություններին սերտաճած, սրանց հանցանքները պարտակած «արդարադատներ» են, դե՝ գործն էլ շատ-շատ է, համ էլ՝ չեն հասցնում, ո՞ր մեկն անեն։

Հայաստանի հպարտ քաղաքացի, զինվիր համբերությամբ եւ հանգիստ նայիր ու տես, որ այս ընթացքում ավազակախումբն իր թալանած փողերով գրեթե բոլոր հեռուստաընկերություններից աղբ է թափում քո երազանքների վրա, օրական ծննդաբերում է մի քանի կայք ու առավոտից իրիկուն քացահարում քո ընտրյալներին, դու պայծառ ապագա էիր ակնկալում, իսկ սրանք՝ Հայաստանն անդունդը նետողները, ամեն մեկը մի «յա Գարեգին Նժդե» դարձած՝ գուժում են Հայաստանի կործանումը, աստվածացնում իրենց մարդասպան ու պախան շեֆերին, Գյուլնազ տատի հեքիաթները պատմում նախկինների ներքին եւ արտաքին քաղաքականության «նվաճումների» մասին, ու ամնեզիան քայլ առ քայլ առաջ է գնում, եւ եթե ուզենա՝ կարող է նաեւ վազել, որովհետեւ սրանց բերանը փակող չկա. նոր իշխանությունն ընդամենը արդարանում է այս հանցագործների առաջ, թե ինչու այսինչ բանը չստացվեց կամ ինչու է ուշանում, եւ թե ինչու քսան տարվա ավերածը տասն օրում «կուկլա» չսարքեց ու չմատուցեց հասարակությանը։

Իսկ այս աններելի թմբիրի ընթացքում նախկինները վարպետորեն հեղափոխության նպատակը հետին թվով վերաորակավորեցին. պարզվեց՝ քաղաքացիներն ընդվզել էին, որ իրենց սառնարանները լցվեն համադամ կերակուրներով, իսկ այդ կերակուրներն էլ ուշանում են ու ուշանում։ Իշխանությունն էլ սկսեց արդարանալ, թե ինչու է ուշանում «ուտուշ-խմուշի» հրաշքը։ Ու հաջողությամբ մոռացվեցին նախկինների հանցագործությունները, եւ որ՝ հասարակությունը փողոց էր դուրս եկել արդարության վերահաստատման համար, ոչ թե ստամոքսը լցնելու համար։

Ի՞նչ է մատուցվում հասարակությանը. ժամանակ առ ժամանակ կարդում ենք միայն ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ու ՀՀ դատախազության եւ ոստիկանության հաղորդագրությունները, եւ այդ հաղորդագրություններում, ի դեպ, մեծ ձկները բացակայում են ու բացակայում։

Սրանք շարունակում են շրջագայել արտերկրներում, շարունակում են մասնակցել տոնակատարություններին, շարունակում են պոռոտախոսել կամ իրենց բերանով, կամ՝ իրենց վարժեցրած «կոմսոմոլների» ու հոգեխանգարված գրչակների։

Նախկինների ձեռնասունները տարածում են՝ ի՛նչ ուզում են, ինչպե՛ս ուզում են, ի՛նչ բառապաշարով ուզում են, եւ տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե չես կարող «ազատ» խոսքի բերանը փակել, ուրեմն՝ ինքդ էլ պետք է օգտագործես ազատ խոսքը՝ ամեն օր ու ամեն ժամ հիշեցնելով, թե ովքեր էին սրանք հեղափոխությունից առաջ։ Դրա համար մեծ ջանք պետք չի, խղճի դեմ մեղք գործել պետք չի, հորինել պետք չի, կեղծել պետք չի. նախկինները շատ շռայլորեն են հանցանքներ գործել, նյութի պակաս չկա, դղյակները գետնի տակ չեն անցել, նախկիններից հալածվածների մեծ մասը, փառք Աստծո, ապրում են, կան։

Ոչ մեկին չեք զարմացնում ու հույս էլ չունենաք, թե կզարմացնեք Հանրային հեռուստաընկերության ձանձրալի հարցազրույցներով ու բանավեճերով։ Նախկինները շա՛տ ավելի մատչելի, փողոցի լեզվով, լյումպենին հաճելի ու հասկանալի բառապաշարով ե՛ւ հարցազրույցներ են անում, ե՛ւ բանավեճեր են կազմակերպում։

Ոչ ոք չի ասում՝ դադարեցրեք այդ հարցազրույցներն ու բանավեճերը, բայց այդքանով բավարարվելն ինքնասպանություն է, իսկ ամենօրյա հիշեցումը նախկինների հանցագործությունների մասին՝ մեծագույն ծառայություն կլինի ոչ թե նոր իշխանությանը, այլ նախեւառաջ Հայաստանի քաղաքացիներին։ Հայաստանի քաղաքացիներն են ընտրել նոր իշխանությանը, եւ այդ քաղաքացիներին է անհրաժեշտ հետեւողականորեն ու հոդաբաշխ բացատրել, թե ինչու է ներողամտությունը կարեւոր այս փուլում, թե ինչու երեք օրից դրախտ չընկանք, ովքեր են մեղավոր դրա համար, ինչեր են արել իրենց իշխանավարության տարիներին ռոբական ու ՀՀԿ-ական հանցագործները, ինչու չի կարելի ականջ կախել ու լսել նախկինների բարբաջանքները, եւ թե ինչու է օրենքի գերակայությունն օդուջրի պես անհրաժեշտ, եւ քանի դեռ այդ օրենքը հետուառաջ է անում՝ չպետք է մոռանալ, թե Հայաստանն ինչ արհավիրքից է պրծել հեղափոխության շնորհիվ, եւ ովքեր էին այդ արհավիրքի «ճարտարապետները»։

Ինչպես կարվի դա, ինչ կերպ կմատուցվի, հետաքննող լրագրողների ջոկատներ կձեւավորվեն, թե բանակներ՝ որոշողը ես չեմ։

Ես Հայաստանի քաղաքացի եմ, որ երկար տարիներ պայքարել է նախկին հանցագործների դեմ իր ուժերի ներածին չափով, երբեմն էլ՝ իր ուժերից վեր բեռ է առել ուսերին, եւ հիմա տեսնում եմ, որ նորերը չեն ուզում հասկանալ կամ պարզապես չեն հասկանում, որ նախկիններն այնքան են թալանել, այնքան հարստություն են կուտակել, որ սրանց կուտակածը առնվազն մեկ հարյուրամյակ կբավականացնի՝ ե՛ւ ծախու գրչակների թիվը բազմապատկելու, ե՛ւ նորանոր անբարո ու պիղծ կայքեր բացելու, ե՛ւ իրենց ծառայող հեռուստաընկերությունները «ծաղկեցնելու» եւ հասարակության ուղեղները լվանալու համար։

Չեն հասկանում, որ հասարակության հետ համբերատար ու ամենօրյա համառ աշխատանք է հարկավոր, որ պետք է այբուբենից սկսել ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի իմաստով։ Հակառակ դեպքում՝ գիտակցական իմունիտետը կորցրած հանրության մի մեծ հատվածի, այո՛, մեծ հատվածի քթի տակ փող թափ տալով, գողանալու ու սպանելու «օրինական» իրավունք տալու խոստումներով՝ նախկինների բանդան հասնելու է իր հրեշավոր նպատակին։

Սա չգիտակցելն աններելի մանկամտություն է եւ հիմնազուրկ, նույնիսկ ծիծաղելի ինքնագոհություն, պարոնայք ու տիկնայք իշխանավորներ։