23.07.2019 16:53

Արսեն Գրիգորյան. ՍԴ անդա՞մ, թե դատավոր՝ ո՞րն է տարբերությունը

Արսեն Գրիգորյան. ՍԴ անդա՞մ, թե դատավոր՝ ո՞րն է տարբերությունը

Սահմանադրության անցումային դրույթների 213 հոդվածը դեռ մարդկանց մի մասի մոտ հարցեր է առաջացնում՝ ի վերջո ինչի՞ շուրջ է վեճը, ո՞րն է տարբերությունը ՍԴ անդամի եւ ՍԴ դատավորի միջեւ։

Միանգամից ասենք, որ Սահմանադրության հայրերն այս տարբերությունը պատահական չեն մտածել։ Այս տարբերությունն առնվազն փիլիսոփայական է։ Երբ գրվել է Հայաստանի առաջին Սահմանադրությունը, այն ժամանակ արդեն մտածվել է, որ ՍԴ անդամ կարող է լինել նաեւ ոչ իրավական գիտելիքներով մարդը։ Գագիկ Հարությունյանն իրավաբան չէր։ Իրավաբան չէր նաեւ Ռաֆայել Պապայանը։ Այսինքն, անդամը դատավոր չէր։ Տարբերությունը զուտ տերմինաբանական չէ, նաեւ բովանդակային է։ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ի վերջո մտածում են այս տարբերությունը վերացնել եւ դատարանի անդամին օժտել դատավորի իրավակարգավորումներով։ Այսինքն, անդամները հեռանում են, գալիս են դատավորները։ Ինքնին պարզ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը մտադիր չէր ՍԴ-ն դարձնել պրոֆեսիոնալ եւ բարձրակարգ իրավաբանների Օլիմպոս։ Անդամն անդամ էր, որն ավտոմատ, բայց առանց սահմանադրական կարգավորումների՝ ժամանակի ընթացքում դառնալու էր դատավոր։ Խորամանկությունն այն է, որ ե՛ւ անդամը, ե՛ւ դատավորը ՍԴ-ում մարդու չեն դատում։ Այսինքն, երկու դեպքում էլ չի փոխվում «դատվողի» հանդեպ նրանց պրոֆեսիոնալության պատասխանատվությունը։ Ի՞նչ է եղել՝ եղածը Սահմանադրություն չէ՞, կմեկնաբանենք, կպրծնի կգնա։ Հենց այդպես էլ մեկնաբանել են բոլոր ընտրությունները։ Հենց այդպես էլ անպատասխանատու են եղել 2003-ի «Վստահության հանրաքվեն» մոգոնելիս, որի իրականացման համար մատը մատին չխփեցին։ Էս ամբողջ անպատասխանատվությունը, որի գլխին Գագիկ Հարությունյանն էր, Սերժ Սարգսյանը մտադիր էր ժառանգաբար փոխանցել Հրայր Թովմասյանին։ Ցմահի դիմաց՝ ցմահ։ Ես քեզ՝ վարչապետություն, դու ինձ՝ ՍԴ նախագահի աթոռ։ Այս բարտերում որտե՞ղ է դատավորը։ Հիմա պարզվում է, որ Հրայր Թովմասյանը վատ է հաշվարկել իր «անմահությունը»։ Անդամն իրավունք չունի մեկնաբանելու Սահմանադրությունը, որովհետեւ նա «վիրաբույժ» չէ, այլ հիվանդության տեսաբան։ Անդամը տեսաբանն է, նա Սահմանադրության օրգանական կառուցվածքի ամեն բջիջին չի տիրապետում, նա Սահմանադրության ընդհանուր տրամաբանության մեկնաբանն է։ Նույնիսկ Քոչարյանի գործն է ասում, որ այս ատյանին պետք են դատավորներ։ Հրայր Թովմասյանը որոշ իմաստով խորամանկում է, երբ ասում է, որ Քոչարյանի գործն անձնավորված չէ, որովհետեւ անձնավորվածությունը կհակասեր ՍԴ-ի փիլիսոփայությանը։ Փաստն այն է, որ դատարան է մտել մարդու գործ։ Թեպետ՝ այո, խնդիրն ամենեւին էլ մարդը չէ։ Բայց անդամությունը չի պարտավորեցնում մարդուն դնել մի կողմ։ Անդամության մեջ արդեն կա էն եզրային անպատասխանատվությունը, որը կարող է Քոչարյանին վեր դասել Սահմանադրության ոգուց։

Ինչու՞ է աթոռին կառչած Թովմասյանը դիմում եվրոպական կառույցներին. որպեսզի ցույց տա, որ սա անդամությունից ու դատավորությունից վեր մի գործ է, եւ սրա շուրջ ներսում փիլիսոփայելը ֆնդխություն է։ Մարդն իր օբյեկտիվության շիրման է կոփում Եվրոպայում։ Բայց սա լուրջ չէ։ Ինչու՞։ Որովհետեւ հենց ՍԴ-ի գլխին կախված անդամության անպատասխանատվությունն է էս մարդկանց Թովմասյանի գլխավորությամբ թույլ տալիս նման թատերական արարքների. իբր՝ կասկածու՞մ եք մեզ, եվրոպացիները մեր փոխարեն ամեն ինչ կդնեն տեղը։ Սակայն ուշ է, ընկերներ։ Հին Սահմանադրության տրամաբանությունը մեռել է։ Սրա մասին պիտի տեղյակ պահել Հրայր Թովմասյանին։ Որ իր առողջ թոքերով չմնա դիակի տակ։ Մարդը ՀՀԿ անդամ էր, դարձավ ՍԴ անդամ, առավելագույնը կարող է լինել հասարակության անդամ։ Թող մտածի դրա մասին։