25.07.2019 12:12

Արսեն Գրիգորյան. Ավազակների խրախճանքը

Արսեն Գրիգորյան. Ավազակների խրախճանքը

Այնպես չէ, որ նոր կառավարությունը Հայաստանը դրել է դրախտ տանող գնացքի ռելսերի վրա, ու դեմն առնել չկա։ Եվ այնպես չէ, որ նոր իշխանություններն անշեղորեն գիտեն` ինչ են անում։ Բայց, գրողը տանի, էս ի՞նչ հրճվանք է մոլեգնում ոմանց ուղեղներում, երբ նորերը մի փոքր սայթաքում են։

Տղե՛րք, հասկացանք, հեշտ չի լինելու, հասկացանք, որ Թեղուտն էլ, Ամուլսարն էլ, Սեւանն էլ մի տեսակ կանգնել են մեր կոկորդին, հասկացանք, որ վարչապետ Փաշինյանը տեղը տեղին տարբերվում է ընդդիմադիր Փաշինյանից, բայց, դիցուք, էդ ի՞նչ բոլոլա եք սարքել ստամբուլյան կոնվենցիան։ Չստորագրեիք։ Հիմա ուզում եք ձեր, այսպես կոչված, սխալը նաղդեք այս իշխանության վրա՞։ Ուրախ չե՞ք, որ գոնե էդ հարցում ձեր երեսին շփացնողներ չկան։ Համբերեք, կառավարությունը կքննարկի, ՍԴ-ն, Աստված գիտի, թե ինչ կանի, կոնվենցիան կգա խորհրդարան, էն ժամանակ ազգովի կհասկանանք, թե ինչ անել։ Էնպես չի, որ ազգը ձեր կարծիքն է հարցնելու, ինչպես դուք չհարցրիք նրա կարծիքը, երբ ստորագրեցիք այդ կոնվենցիան։

Կամ՝ քաղաքում աղբը վատ է հավաքվում։ Եվ ձեզ համար դա հոգեկան խրախճանքի թեմա՞ է։ Ոնց որ ձեր տանը հավի միս թաքցրած լինեք եւ օրերով հետեւեք, թե ինչպես է նեխում, ու ոչինչ չասեք ձեր կնոջը միայն այն պատճառով, որ նրան չեք սիրում։ Ու հոտը տարածվի տնով մեկ ։ Բայց դուք էլ եք էդ տան մեջ ապրում։ Նոր իշխանությունները կարող են ձախողվել հենց այն պատճառով, որ մաքուր էջից են սկսում։ Եվ եթե նույնիսկ ամբողջ երկիրը կորչի աղբի մեջ, նրանք մաքուր էջից են սկսում։ Նրանց տրվել է հենց ա՛յդ մանդատը։ Նրանք ձեր ժառանգորդը չեն, եւ ստամբուլյան կոնվենցիան պիտի եփվի այս հողի վրա ոչ թե այն պատճառով, որ դա մեզ օդուջրի նման պետք է, այլ որ դու՛ք եք նոր Հայաստանը կանգնեցրել փաստի առաջ։ Ու հեչ բացառված չէ, որ այդ կոնվենցիան անհրաժեշտություն է։

Սրանք վերջապես մերն են, այդքան դժվա՞ր է հասկանալ։ Եվ իջեւանցին, որ անտառ է փրթում՝ էլի մերն է, նրա հետ էլ լեզու կգտնենք։ Կդժգոհի, կդիմադրի, գուցե կարտագաղթի, բայց աջ ու ձախ չի ասի, որ սրանք Հայաստանը կերան, որովհետեւ հենց ուտելուց են պաշտպանում։ Սրանց ու ձեր տարբերությունն այն է, որ ժողովուրդն ինքն էլ մանդատ ունի իր սխալներն անվանելու առանց կողքից որեւէ մեկի մեղադրելու։ Ձեր՝ նախկինների օրոք նույնիսկ ընտրակաշառք վերցնողը չէր կանգնի հայելու առաջ ու իր մեջ տեսնի բոլոր ապօրինությունների համամեղավորին։ Որովհետեւ քաղաքացի լինելու մանդատից էր զրկվել։ Դրանից հետո ի՞նչ կապ ունի՝ կքվեարկե՞ր որեւէ քաղաքական ուժի օգտին, թե չէր քվեարկի, դուք ձեր կեղծիքը կանեիք։

Հիմա ինչու՞ եք ոգեւորվել։ Էդպես էլ չհասկացա՞ք, որ եթե անգամ այս ժողովուրդը նորերին զրկի իշխանությունից, դա կանի առանց նրանց մերժելու։ Որովհետեւ մերժելին ապօրինությունն է, ոչ թե անկարողությունը։ Քո երեխային չես մերժի իրեն հանձնարարված դասը վատ սովորելու համար։ Ու չես ասի՝ վեր կաց ու փախիր տնից։ Իսկ ձեզ, այսպես կոչված՝ մեծերիդ, այդ «երեխաներն» ասել են։ Որովհետեւ դաս սովորելու փոխարեն առաջարկում էիք ավազակությամբ զբաղվել։