26.07.2019 15:04

Լիզա Ճաղարյան. Արմեն Սարգսյանի ուղերձն իրո՛ք հնարավորինս է ձեռնպահ

Լիզա Ճաղարյան. Արմեն Սարգսյանի ուղերձն իրո՛ք հնարավորինս է ձեռնպահ

Ես ամենասովորական, շատ սովորական քաղաքացի եմ։ Հայաստանի Հանրապետության։ Ես իրավագիտությունից յոթ սարուձոր հեռու եմ։ Սակայն, իմ այս շատ համեստ կարողություններով անգամ՝ հասկացել եմ, որ մեր պետության Սահմանադրական դատարանում արշալույսները խաղաղ չեն, եւ նման դեպքերում իրավական լեզվով այդ իրավիճակը կոչվում է ճգնաժամային։

Դրա շատ խոսուն վկայություններից են ամենօրյա բուռն հեռուստաբանավեճերը, տեսակետների կատաղի բախումները, որ գրեթե ամենուր են, նախկին իշխանությունների մշտարթուն ներկայացուցիչների նյարդային ջղակծկումները՝ նոր իշխանությանն «ընծայած» ՍԴ «անձեռնմխելի» անդամների նկատմամբ «ոտնձգությունների» պատճառով։

Հայաստանի ամենասովորական քաղաքացիները տեսնում ու լսում են իրավագետներին, եւ տարրական տրամաբանությունը հուշում է բոլորին մի պարզագույն ճշմարտություն՝ չեղած խնդրի շուրջ այդքան բուռն բանավեճեր պարզապես չէին լինի, եւ եթե կրքերը չեն հանդարտվում, ուրեմն՝ լրջագույն խնդիր կա, եւ եթե այդ խնդիրն առնչվում է Սահմանադրությանն ու նրա զավակ Սահմանադրական դատարանին, շուտափույթ լուծման անհրաժեշտությունը վիճարկելի չէ։

Եվ մինչ հասարակության շրջանում տարակուսանքն օրեցօր ավելանում ու ավելանում է այս հարցում ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ կառավարության աններելի դանդաղկոտության նկատմամբ, մեկ էլ այս լուսապայծառ օրը պարզվեց, որ Հայաստանի երջանիկ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն դանդաղելուն դեմ չէ, դեռ մի բան էլ ավելի՝ շտապողականություն է տեսնում այս հարցում, եւ ահա՛ մի ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քնարական ոճով ու բովանդակությամբ։ Ավելի պարզ՝ բան է ասել չասելու պես։

Այդ բանն, իհարկե, կարելի էր ասել նաեւ այսպես՝ ինձանից ձեռ քաշեք, եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք։

Բայց քանի որ պարոն Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, եւ եռացող կաթսա հիշեցնող Հայաստանում գրեթե ոչ մի պարտավորություն չունի ըստ ՀՀԿ-ականների քերթած Սահմանադրության, եւ քանի որ պարտավորություններ չունի, բնականաբար՝ չունի նաեւ պատասխանատվություն, այս դեպքում էլ՝ երբ իր նախագահության շրջանում, կարելի է ասել՝ առաջին անգամ իր վճռականության կարիքն էլ կա, ահա՛ պարոն նախագահը լռեց-լռեց ու որոշեց ուղերձել «հայրենակիցներին», որ ինքը «հնարավորինս ձեռնպահ» է մնում։

Հայաստանի քաղաքացիները շատ էլ լավ տեսնում էին պարոն նախագահի «հնարավորինս ձեռնպահությունը», եւ թե ինչ կարիք կար մեզ երկրորդ անգամ հուզաթաթախելու՝ ինքը կիմանա։

Բայց չշտապենք։ «Հնարավորինս» բառն իզուր չի պարոն նախագահը կցել իր ձեռնպահությանը։ Որովհետեւ այնքան էլ ձեռնպահ չէ. կարծես այս ուղերձը շատ որոշակի նպատակ ունի, եւ այդ նպատակը հուզիչ ամոթխածությամբ ծվարել է այս նախադասության մեջ. «Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին»:

Պարոն նախագահը շատ պարզ ասում է՝ խնդիրը լուծեք առանց Հրայր Թովմասյանին ու նրա անդամներին նեղություն տալու։

Խոստովանենք. իրավունք ունի Արմեն Սարգսյանն ինքնավստահ առաջ ընթանալու՝ առանց որեւէ պատասխանատվություն իր ուսերին առնելու։

Ինչու՞ իրավունք ունի։ Որովհետեւ նախկին հանցագործ ռեժիմի հրավերով Մեծ Բրիտանիայից ժամանեց ու Հայաստանի նախագահ դարձավ։ Գիտեր, չէ՞, որ նախագահելու է մի կառավարության եւ նրա ձեռնասուն Ազգային ժողովի «հովանու տակ», որը քսան տարի շարունակ բիրտ լկտիությամբ ոտնահարել է իր դավանած (՞) եվրոպական արժեքները, եւ իրեն Սահմանադրությամբ տրված է միայն ՀՀԿ ավազակախմբի հետագա ոտնահարումներին կողքից նայել ու եվրոպական ժպիտով պաղպաղակ ուտել։

Գիտեր, բայց եկավ։

Հետո հեղափոխությունը վրա հասավ, ու պարզվեց՝ ավազակախմբի հետ աշխատելու պատրաստակամությամբ Հայաստան ժամանած պարոն Սարգսյանը կարող է պատրաստակամ աշխատել նաեւ իրեն նախագահի պաշտոն նվիրած ավազակախմբի դեմ պայքարողների հետ ու կրկին եվրոպական ժպիտով պաղպաղակ ուտել։

Առաջին հայացքից թվում է՝ Հայաստանում այնքա՛ն դժնատեսիլ խնդիրներ կան լուծելու, որ առնվազն անհասկանալի կլինի, եթե բանուգործ թողած՝ Արմեն Սարգսյանին «քընընենք»։ Թող լինի, էլի՛, ժպտերես մարդ է, տեղը որ գալիս է՝ թեւերը քշտում է ու հավեսով պարում, մեծահարուստ է, եվրոպաներում շրջապատ ունի՝ գնում-գալիս է, անգլերեն գիտի հայերենից լավ, է՛ թող գնա-գա, Աստված իր հետ, մեզ ի՞նչ է խանգարում։

Վարկանիշն էլ ուր որ է հարյուրի կհասնի շատ ժպտալու ու լավ պարելու շնորհիվ։

Կհասնի անպայման։ Եվ ինչպես իր ուղերձում է մեղմանուշ նկատել Արմեն Սարգսյանը՝ «ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ», արժե՞ փորփրել ու պեղել, թե ինչ հեռահար նպատակներ ունի պարոն նախագահը, եւ ինչու է իր ուղերձում «հնարավորինս» խախտում ձեռնպահությունը ու հորդորում «անձերին» հանգիստ թողնել։

Իմ կարծիքով՝ արժե։ Հակառակ դեպքում չէի անդրադառնա Արմեն Սարգսյանի «հնարավորինս ձեռնպահ» ուղերձին։

«Հնարավորինս ձեռնպահ» մնամ նաեւ ես եւ այստեղ վերջակետ դնեմ, չնայած, ինչպես պարոն Սարգսյանն է գրել, «որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը» եւ ասելու, որ, չգիտես ինչու՝ առանց դրա էլ աններելի դանդաղող նոր իշխանություններին առավել «հանդարտվելու» կոչ անող Հայաստանի հոգնատանջ նախագահը դժվար թե չի գիտակցում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցում դանդաղելը ձեռնտու է միմիայն ՀՀԿ ավազակախմբին եւ ՍԴ-ի դատավորի աթոռին կառչած անձին։