29.07.2019 12:00

Արսեն Գրիգորյան. Հրաժարական կամ երեք մատի կոմբինացիա, ընտրեք

Արսեն Գրիգորյան. Հրաժարական կամ երեք մատի կոմբինացիա, ընտրեք

Աղոտ զգացում ունեմ, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվում է։ Նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես։ Գոնե երկու տարբերակ՝ շատ հստակ։ Մեկն այն է, որ ՍԴ անդամների շուրջ սեղմվում է անօգտակարության օղակը, նրանք իրենք չեն զգում, թե դիմադրելն ինչ կտա իրենց ու սկսում են ելքեր ման գալ, թե ինչպես հեռանան պակաս ցավոտ տարբերակներով։ Հատկապես, որ իրենց համար ավելի սարսափելի մի տարբերակ էլ կա, այսպես ասած երկրորդ տարբերակը։ Իշխանությունը ոչ մի միջոց ձեռք չի առնում, ոչ մեկին կոչ չի անում շրջափակել ՍԴ-ն, նույնիսկ չի էլ մտածում Հրայր Թովմասյանի անցյալը փորփրելու մասին եւ, ընդհանրապես, մոռանում է ՍԴ 7 անդամների գոյության մասին։ Կային այդ մարդիկ, իսկ հիմա չկան։ Անդա՞մ էին, անդամ էլ կմնան։ Բայց դատավոր լինելու մասին պետք է մոռանան։

Ընդհանրապես, նրանք պետք է վախենան այն մտքից, որ իշխանությունը որոշի հանգիստ թողնել իրենց, որովհետեւ դա նշանակում է, որ այդ պահից իշխանությունը գիտի իր անելիքը։ Ո՞րն է դա։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Նույնիսկ կարիք չկա հայտարարելու, որ Հրայր Թովմասյանը եւ մյուս «հրաշալի» վեցյակը ՍԴ-ում անելիք չունեն։ Պարզապես կառավարությունը, ԲԴԽ-ն եւ ՀՀ նախագահն սկսում են առաջադրել ՍԴ 6 դատավորի թափուր տեղերի իրենց թեկնածուներին։ Կարո՞ղ են Թովմասյանենք աղմուկ բարձրացնել։ Իհարկե՝ կարող են։ Բայց ո՞վ է պատրաստվում նրանց պաշտոնանկ անել. ոչ մեկը։ Թող մինչեւ կյանքի վերջը մնան ՍԴ անդամներ։ Ըստ իս, այս սցենարը նրանք արդեն իսկ պատկերացնում են։ Ճիշտ է, սա իշխանությունների համար պահուստային է, բայց հո ՍԴ անդամները գիտե՞ն, որ բոլոր տարբերակներից ամենահեշտն է։ Առայժմ վատ չէր լինի, որ ՍԴ «հրաշալի» յոթնյակը թույլ չտար, որ հանգուցալուծումը լինի առանց իրենց մարդատեղ դնելու։ Ահա ինչու է ավելի շատ մյուս վեց անդամներին անհրաժեշտ Հրայր Թովմասյանի հրաժարականը, քան նույնիսկ ամբողջ հայ ժողովրդին։ Որովհետեւ եթե Հրայրը հրաժարական տար, իրենք իրենց հեռանալով ՍԴ-ում որեւէ «հեղաշրջման» մասնակից չեն լինի, իսկ հիմա եթե հրաժական տան ՍԴ անդամի պաշտոնից, կստացվի, որ փախչում են Հրայր Թովմասյանի տակից։ Իսկ գուցե նրանք այնպիսի թելերով են կապված նոր Հայաստանում նախկինների այդ «ամրոցի» հետ, որ ռիսկ չեն անում կատարել առաջին քայլը։

Նրանց պետք է օգնի, աջակցի հենց Հրայր Թովմասյանը, այլապես այս մարդիկ ավելի ու ավելի են նմանվում պատանդի, քան ՍԴ անդամի։ Նրանք պիտի կարողանան արագորեն ու առանց էթիկական կախվածության ազատել ՍԴ-ի իրենց աթոռը։ Իսկ հիմա չեն կարող եւ պետությանը ստիպում են կատարել իր քայլը՝ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածուներ։ Եվ երբ նրանք ընտրվեն, պարզ է, չէ՞, որ գոնե Հրայր Թովմասյանն իրեն համարելու է ՍԴ նախագահ եւ գուցե ոչ ծառայողական մեքենայով, բայց հաստատ գալու է ՍԴ՝ ներս մտնելու եւ պաշտոնավարումը այնպես շարունակելու համար, ասես ոչ մի դատավոր էլ չի ընտրվել։ Պարզ է, չէ՞, որ ոստիկանները նրան չեն թողնի ներս մտնել։ Որովհետեւ ՍԴ-ն արդեն անդամ չունի, ունի դատավոր։ Չկա էն տրամաբանությունը, որով Հրայրը կկարողանա մտնել ՍԴ։ Այդքանով թեման փակվում է։ Այնպես որ Հրայր Թովմասյանն իր դերը խաղաց որքան կարող էր։ Հիմա ավելի լավ է մտածի մյուս վեցին փուռը չտալու մասին։ Նրանք էլ չեն ցանկանա խայտառակությամբ հեռանալ, որը «գրաբարով» կոչվում է երեք մատի կոմբինացիա։