31.07.2019 19:38

Լիզա Ճաղարյան. Ինչու՞ է մուշ-մուշ մրափել ճշմարտությունը

Լիզա Ճաղարյան. Ինչու՞ է մուշ-մուշ մրափել ճշմարտությունը

Ի՞նչ կատարվեց Հայաստանում ՀՀԿ-ականների շռնդալից գահավիժումից հետո։

Ստիպված եմ կրկնել։

Կատարվեց հետեւյալը. կայծակնային արագությամբ դերերը փոխվեցին՝ հանցագործները դարձան մեղադրողներ, հանցագործներին գահընկեց անողները՝ արդարացողներ։

«Պարտկոմական» կենսագրությամբ նախկիններն անթերի գիտեին եւ գիտեն ագիտացիայի ու պրոպագանդայի ազդեցության ուժը (ագիտպրոպի միջոցով չարիքի կայսրությունը գոյատեւեց 70 տարի)։ Սովետի տարիներին սրանք «վիսշի պարծիյնի շկոլայի» դարբնոցում էին կոփվել, իսկ այդ «դարբնոցի» խարանն անջնջելի է մինչեւ մահ, եթե նույնիսկ սրանք իրենց հետագա կյանքը քարշ տային ամենազարգացած ու ամենաազատ երկրում։

Եթե հիշում եք, կոմունիստները կտրուկ շարժումներ չարեցին, փորձում էին ընդամենն անճարակորեն արդարանալ՝ դե այո՝ սխալներ եղել են, բայց...

Մեր տեղական հանցագործները նույնպես կարող էին այս ճանապարհն ընտրել ու սպասել՝ իրենց դու՞ռն էլ կբախեն օրենքի պահապանները, թե՞ ոմանց կհաջողվի գլուխը պրծացնել։ Սրանք ընտրեցին երկրում անամոթության ու լկտիության «հրավառության» սանձազերծումը։ Կորստյան վտանգի նժարին ցնորական թվացող չափերի հարստություն էր դրված, ու որոշեցին կյանքի եւ մահվան կռիվ տալ՝ կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։

Եվ ի՞նչ պարզվեց։ Պարզվեց՝ բռունցքները պրկելու, մկանները գերլարելու կարիք չկա, որովհետեւ դիմադրություն չկա։ Դե, եթե դիմադրություն չկա, հայտնի բան է՝ լեզվի տակ էլ ոսկոր չկա։

Ու ագիտպրոպն արձակել է սանձերը եւ առաջ է սլանում, ինչպես ասում են՝ չխնայելով «կին ու մանուկ»։ Կեղտոտում են ամեն ինչ ու ամենքին, թրքոտ տրեխներով մտնում են ուր ուզում են, տարածում են՝ ինչ մտքներով անցնում է։ Խնդիր չունեն. ԶԼՄ-ների մեծ մասը սրանց պատրաստակամ հայելին է՝ գրաքննություն չկա, եւ հանգիստ տարածում են ամենաեղկելի խուլիգանի վայրահաչն էլ, ամենատհաս «վերլուծաբանի» տխեղծ թոթովանքն էլ, ակնհայտ հոգեկան շեղում ունեցողների մլավոցներն էլ... Ի՛նչ ուզեք. վճարիր ու բարբաջիր, հարց չկա։

Եվ այս իրավիճակում հույսը դնել հասարակության բա՜րձր գիտակցության ու փայլուն հիշողության վրա՞։ Ասե՞մ, թե այս կեցվածքի անունն ինչ է, թե՞ խուսափեմ հարստացնել նախկին հանցագործների սազանդարների բառապաշարը։

Չեմ ասի։ Խնայում եմ։

Բայց կշարադրեմ, թե ինչ պետք է աներ այս ընթացքում հատկապես եւ մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը։ Թե ինչու Հանրային հեռուստաընկերությունը, նորից կրկնեմ։ Որովհետեւ այս հեռուստաալիքն ապրում է Հայաստանի քաղաքացիների հարկերի հաշվին, ուրեմն՝ պատկանում է հանրությանը։ Մնացած հեռուստաալիքների նման՝ չի պատկանում Քոչարյան Ռոբերտին կամ Ծառուկյան Գագիկին, կամ դաշնակներին, կամ էլ որեւէ այլ կուսակցության ու գործարարի։ Ինչը նշանակում է՝ այս հեռուստաալիքը պետք է բավարարի Հայաստանի քաղաքացիների ակնկալիքները։ Ներկա իշխանությանն ընտրել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, եւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ակնկալում էր, որ Հ1-ի նորընտիր ղեկավարը, գործի անցնելուց առաջ, բարեկիրթ ժպիտով պահանջեր, որ դուռը հակառակ կողմից փակեն նախկին հանցագործներին ծառայած Հ1-ի առաջին դեմքերը եւ լրատվական ծառայության քաղաքական լուրերի ու հաղորդաշարերի բոլոր պատասխանատուներն ու մեկնաբանները։

Արժե՞ ասել, թե ինչու։ Ուշ հասկացողների համար կրկնեմ. որովհետեւ այս մարդիկ տարիներ շարունակ հանրությանն են մատուցել սուտ ու կեղծիք, մեղադրել են անմեղներին, աստվածացրել են սրիկաներին, մեծարել են հանցագործներին։ Այսինքն՝ կատարել են տերերի կամքը։ Այսինքն՝ սրանք կամակատարներ են, սրանք ժամանակին իրենց անաչառությունը վաճառել են բարձր վարձատրության եւ ապահով կյանքի դիմաց, եւ կա՛մ իրենք պետք է այնքան բարոյականություն ունենային, որ հեռանային այս հեռուստաընկերությունից, կամ՝ նոր ժամանակներում ընտրված ղեկավարը պետք է ասեր՝ դուք այստեղ այլեւս անելիք չունեք, դուք տարիներ շարունակ ձեր քարոզչությամբ պայքարել եք Հայաստանի ազատ քաղաքացու դեմ, եւ հիմա եկել է ազատ քաղաքացու ժամանակը, եւ նա չի ուզում, որ իր մասին հեռուստաէկրանից պատմեն իրենց ազատությունը բռնաբարողների հլու կամակատարները։

Երկրորդ քայլը, որ շուտափույթ պետք է արվեր՝ նախկինների հանցանքների ու չարագործությունների մասին պատմող փաստարկված հաղորդումները պետք է լինեին։ Հնարավոր է՝ սկզբնական շրջանում հրատապության պատճառով կաղա՞ր մատուցման մակարդակը։ Այդ «դաժան» հարվածին էլ կդիմանայինք։ Նախ՝ սովոր ենք, երկրորդ՝ մինչ նորընտիր ղեկավարը «մարդ չկա» պատճառաբանությամբ անուշ-բարիշ մի տանիքի տակ «ստեղծագործում է» հների հետ, հանրային գիտակցությունն է երկու ոտքից կաղում անտերունչության զգացումից։

Հանրությունը նոր իշխանություն է ընտրել ու ամեն օր սարսափով տեսնում ու լսում է գրեթե բոլոր հեռուստաէկրաններից, թե ինչպես են նվաստացնում ու զրպարտում, վիրավորում ու ծաղրում իրենց ընտրյալներին, ու նաեւ տեսնում է, որ հիշեցնող չկա, թե ովքեր են այս նվաստացնողներն ու զրպարտողները, վիրավորողներն ու ծաղրողները։

Իսկ սրա՛նց մասին անսպառ նյութ կա։ Սրանք թալանի, բռնությունների, ապօրինությունների, մարդասպանությունների, սրիկայությունների, դավաճանությունների այնպիսի «մատյաններ» են նվիրել մեզ, իսկ մենք էլ դրել ենք տակներս ու պինդ-պինդ նստել այս հատորների վրա, թե բա՝ դա իրավապահների գործն է։

Իրավապահների թիկունքում թաքնվելը ծիծաղելի մանկամտություն է։ Այս իշխանության հակառակորդները քրեական գործեր չեն թափահարում նորերի քթի տակ։ Սրանք անպատիժ ստում են ու զրպարտում։ Եվ ի տարբերություն սրանց, Հանրային կոչեցյալ հեռուստաընկերությունն այժմ հնարավորություն ունի ազատորեն ճշմարտությունը ներկայացնելու այն տարիների մասին, որ մենք ենք ապրել ռոբասերժիկների բեսպրեդելի պայմաններում։ Եվ՝ չի անում։ Եթե նույնիսկ ինչ-որ բան անում է, ապա ընդամենը փնթի հակադարձումներ են՝ «բա որ դուք էլ» մակարդակի։

Իսկ պահանջվում է ընդամենը հետեւյալը՝ պատմել ճշմարտությունը նախկինների մասին եւ պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել հեռուստաէկրանից։

Ստելու կամ գունազարդելու կարիք չկա։

Ինչ որ կատարվել է այդ տարիներին, այնքան սարսափելի է, որ գույները խտացնելու ցանկություն եթե անգամ լինի, դրա կարիքը չկա, որովհետեւ սրանք իրենց կատարած հանցագործությունների ծավալով այդ ցանկության երեւակայության սահմանն էլ են հատել։

Ու՞ր է այն ճշմարտությունը, որը տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունից տիրոջ իրավունքով ակնկալել է Հայաստանի քաղաքացին ու չի ստացել ո՛չ նախկինների օրոք, ոչ էլ ստանում է այսօր։

Որտե՞ղ է մուշ-մուշ մրափում։

Ինչու՞ է մրափում։

Այդքան ապահո՞վ է զգում իրեն օրվա իշխանությունը։

Եթե՝ այո, ապա ցավակցում եմ։

Եթե՝ այո, ուրեմն պարտավոր է այնպես անել, որ իրեն ընտրած ժողովուրդն էլ ապահով զգա իրեն ու ամեն օր սարսափով գլուխը չդնի բարձին այս սահմռկեցնող մտքից՝ իսկ եթե նախկինները հետ գա՞ն...

Կասեք՝ հետ չեն գա։ Ես էլ գուցե համաձայնեմ։

Բայց ի՞նչ գնով։

Եթե ռոբասերժական հանցագործները փողոց հանեն իրենց նմանների մի քանի հարյուրյակ, ապա հարյուր հազարները դուրս կգան նրանց դեմ ու կպաշտպանեն իրենց ազատությունը։

Կասե՞ք, թե ինչու բանը պետք է հասնի այդպիսի փորձության։

Արվու՞մ է ամեն ինչ՝ նման հնարավոր բախումից խուսափելու համար։

Դժվա՞ր բան է այդ փորձությունը կանխելը։

Ամենեւին։

Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացու հիշողությունը խամրի, Հայաստանի քաղաքացին մոռանա, թե ինչ գարշահոտ ճահճից է գլուխն ազատել, մոռանա, թե ինչ զրկանքներ է կրել, ինչ ապօրինությունների է բախվել, ինչպիսի բռնությունների է ենթարկվել, եւ թե հիմա որտեղ են ու ինչով են զբաղված իրենց լլկողներն ու թալանողները։ Չպետք է թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացին օր օրի համոզվի, որ նախկինները մարսել են ու մարսելու են իրենց կատարած չարագործությունները։

Այսքանը գոնե կարելի՞ է անել այս հանգրվանում։

Կարելի՞ է այս հրեշավոր ագիտպրոպի պղտոր հեղեղի դեմ ճոճել այն զորեղ ու արդար զենքը, որի անունը ճշմարտություն է։

Ոչ միայն կարելի է, այլեւ օդի պես անհրաժեշտ է։

Որոնվում են հասկացողներ ու իրագործողներ։

Հ.Գ. Ոմանք գուցե մտածեն, որ վերջին շրջանում գրեթե նույն բանն եմ կրկնում՝ տարբեր ձեւակերպումներով։ Նախապես ասեմ, որ այս խնդիրը չարչրկելու եմ այնքան՝ մինչեւ արդյունքը տեսանելի ու շոշափելի դառնա։