02.08.2019 11:22

Արսեն Գրիգորյան. «Պեռաշկու» գաղափարախոսը

Արսեն Գրիգորյան. «Պեռաշկու» գաղափարախոսը

Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իշխանությանն օգուտ է, որ իր ընդդիմախոսը լինի Քոչարյանը, քանի որ եթե այլընտրանքը Քոչարյանն է, ոչ ոք չի պաշտպանի վերջինիս եւ անընդհատ նրա վերադառնալու վտանգը կանխելու համար կմնա իշխանության կողքին։ Միաժամանակ, խորհրդարանի ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդն ասել է, թե ամոթ է, որ իշխանության այլընտրանքը Քոչարյանն է։ Մարդը կատակ չի անում։ Ամոթը չգիտեմ, բայց այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող։ Հնարավորությունները Քոչարյանի ձեռքին են, մեդիառեսուրսը նրանն է, Մարուքյանն ինքն է ասում, որ նույնիսկ կայք չունեն, որպեսզի կարողանան հակադարձել «Լուսավոր Հայաստանին» ուղղված քննադատություններին։

Իսկապես, մեր ամոթն է, որ Քոչարյանը քաղաքականությամբ զբաղվելու հույս ունի, բայց այդտեղ ես Քոչարյանին չէի խանգարի։ Ինչպես ժամանակին ոչ ոք չխանգարեց Կոմկուսին, ԱԺՄ-ին եւ նրանցից անջատված կուսակցություններին զբաղվել քաղաքականությամբ։ Հիմա մենք նրանց տեղն էլ չգիտենք, կամ ինչպես սեւ դասականն էր ասում. «Հիմա ո՞վ է հիշում նրանց»։ Ռոբերտ Քոչարյանը շանս չունի։ Մեդիառեսուրսի պահով էլ վերջերս արտահայտվել է վարչապետը՝ նրանք, ովքեր հիմա պիտի ուրախանային պեռաշկի ուտելով, լրատվամիջոցներ ունեն իրենց ձեռքի տակ։ Վարչապետը կարծես թե խոստացել է պարզել, թե որտեղի՞ց էդ փողերը նրանց, որ «պեռաշկի» ուտելու փոխարեն պիցցաներ են բաժանում ու լրատվամիջոցներով վայրահաչում։

Իհարկե, հույս ունեմ, որ վարչապետը չի պատրաստվում ոստիկանություն եւ հատուկ ծառայություններ գործուղել այդ լրատվամիջոցներ, որովհետեւ դրանցում մեր քաղաքացիներն են աշխատում, եւ նրանց ահաբեկել պետք չէ, նույնիսկ եթե նրանք համամիտ են Քոչարյանի հայացքներին, որոնք մեղմ ասած ընկալելի չեն։ Մեր քաղաքացիները մեղավոր չեն, որ Քոչարյանն իր հերթին է նրանց «Լուսավոր Հայաստան» առաջարկում։ Կար ժամանակ, երբ ամբողջ մեդիադաշտին այդպիսի տեսիլք էր առաջարկում Ամենայն հայոց փեսան։ Ճիշտ է, հիմա էլ առանձնապես Սերժ Սարգսյանի թիմակիցներն իրենց տեղում հանգիստ նստած չեն, բայց տեսիլքի մասով մի քիչ խաղաղվել են, ավելի շատ մտածում են քրեական հետապնդումներից խուսանավելու մասին։

Մեծ հաշվով, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները հայտնի են, երկրի գլխավոր ամբաստանյալը իր ֆինանսների համար դեռ առանձին հոդվածներով պատասխան կտա։ Ոչ ոք ի վերջո չի կասկածում, որ այդ մարդը գողացել է եւ գողացել է առանց կանգ առնելու։ Բայց այդ փողերը վերադարձնելու հեղափոխության «ագրեսիվ» ձեռագիրը պետք է մնա սիրո եւ հանդուրժողականության սահմաններում։ Ոչ ոք մեղավոր չէ, որ գողը միջոցների առաջ խտրություն չի դնում։ Եթե նրա ընտանիքը չգիտի, թե ինչ է «պեռաշկին», նրա լրագրողները դա գիտեն։ Հեղափոխության զինվորներին «պեռաշկին» չխանգարեց մնալ սկզբունքային եւ իրականացնել հեղափոխությունը։ Եթե նրա լրագրողները անկեղծորեն են հավատում նրանց, ուրեմն չգիտեն նույնիսկ, թե ինչ է «պեռաշկին»։

Հենց նման բաների համար պետք է պատասխան տա գլխավոր ամբաստանյալը։ Իր լրագրողներին նա հավաքագրում է Հյուսիսային պողոտայի բնակիչներին գրոշներ առաջարկելու տրամաբանությամբ՝ քիչ միջոցներով ամբողջին ձեռք գցելով։ «Պեռաշկին» մեծ ծախսեր չի պահանջում, ահա ինչու են նրա լրատվամիջոցները շատ։ Պետք է կարողանալ Քոչարյանի մեդիառեսուրսի գլխից հանել «պեռաշկու» ամենակարողությունը։ Եվ այստեղ Մարուքյանը կարող է օգնել նոր Հայաստանին։ Ողբալու փոխարեն՝ օգնել։ Ընդամենը։