24.09.2012 22:12

Վահագան Խաչատրյան. «Վարչապետը թվային աճպարարությամբ է զբաղված»

Վահագան Խաչատրյան. «Վարչապետը թվային աճպարարությամբ է զբաղված»

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է «2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումները, որի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանն իր ելույթում ուշագրավ հայտարարություն է արել` նշելով, թե «մենք կարող ենք արձանագրել, որ 2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, և մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին»: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, iLur.am-ի հետ զրույցում հակադարաձեց`Տիգրան Սարգսյանը «թվային աճպարարությամբ է զբաղված»: Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարությունն անցած տարվա համար նախատեսել էր 4+/-1.5 տոկոս գնաճ: «Խնդիրն այն է, որ սովորաբար երեք տեսակի գնաճ են հաշվում. 1`ամիսը ամսվա նկատմամբ, 2`միջին տարեկան եւ 3` դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ: Ինքը որ ասում  է՝ 4.7 տոկոս է եղել, որը նախատեսվածի շրջանակներում է, նկատի ունի հենց դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ ցուցանիշը: Մինչդեռ, մյուս ցուցանիշով տարեկան միջին գնաճը է եղել է 7.7 տոկոս, որից 11.2 տոկոսը` պարենային ապրանքները, 17.1 տոկոս` գյուղմթերքները: Այսինքն, ամեն ինչ կախված է նրանից, թե նայած ինչ լեզվով ես խոսում: Ինքը պետք է ասեր, որ տարեկան միջին գնաճը 7.7 տոկոս է եղել: Դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ հաշվելն ի՞նչ կապ ունի, երբ կարող է հուլիս-օգոստոս ամիսներին գյուղմթերքի աճ չլինի»,- ասում է Խաչատրյանը: 

Խաչատրյանի խոսքով, Տիգրան Սարգսյանն ընդամենը աճպարարությամբ է զբաղված, օգտագործում է տերմիններ, որոնք կիրառելի են տնտեսական քննարկումների ժամանակ, քանի որ նրա համար ավելի կարեւոր է գնաճի թվերը ավելի ցածր ցույց տալ ժողովրդին, քան կար: «Երբ իրեն պետք է, ինքը մեծ թվեր է վերցնում, երբ պետք է` փոքր թվեր է վերցումն, որ ցույց տա, թե կառավարությունն աշխատել է»,- նշեց Խաչատրյանը:

Տնտեսագետը մի դիտարկում եւս արեց, կապված թե՛ ներկայացված, թե՛ ընդհանրապես ցանկացած քննարկումների հետ:

«Եզրակացություններ և տեսակետներ, առավել ևս՝ համեմատություններ անելու համնար ներկայացվող տվյալները պետք է համադրելի լինեն, օրինակ՝ անվանական ՀՆԱ-ն չի կարելի համեմատել իրականի հետ, կամ եկմուտներ/ՀՆԱ-ն հաշվարկելիս պետք է  ճշտել ո՞ր ՀՆԱ-ն ի նկատի ունեն: Հիշու՞մ եք Սերժ Սարգսյանին ինչ թյուրիմացության մեջ էին գցել, երբ նա որպես ձեռք բերում հրապարակեց մի թիվ, որը իրականում գոյություն չուներ`խոսքը հարկային եկամուտներ/ՀՆԱ  20%-ի մասին է», -նշեց նա: