02.08.2019 16:02

Արմենպրես. ՀՀ զինվորական դատախազությունը բացահայտել է պետությանը պատճառված մոտ 9.7 մլրդ դրամի վնաս

Արմենպրես. ՀՀ զինվորական դատախազությունը բացահայտել է պետությանը պատճառված մոտ 9.7 մլրդ դրամի վնաս

Արմենպրեսը տեղեկացնում է, որ ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազություններն իրականացրել են 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։

Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ: Նշանակալի արդյունքներ են արձանագրվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլրդ 752 մլն ՀՀ դրամ։ Ի համեմատություն նշվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս: 

2019 թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4 մլն ՀՀ դրամ վնաս, այն դեպքում, երբ 2018 թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8 մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն՝ ըստ դատախազության հաղորդման փոխանցում է Արմենպրեսը։