06.08.2019 16:39

ՀՀ ՔԿ. Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) թիկնապահին կալանավորել են

ՀՀ ՔԿ. Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) թիկնապահին կալանավորել են

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է հաղորդագրություն, ըստ որի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:

Երևան-Սևան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էին «Ծառուկյան» խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Պայթյունից ժամեր անց Մելիք Մանուկյանի թիկնապահը, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, իրեղեն ապացույց «Ռենջ Ռովեր» մեքենան մեծ արագությամբ վարելով՝ հեռացել է ոստիկանների արգելափակած տարածքից, հիշեցնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: