08.08.2019 13:24

Արսեն Գրիգորյան. Ոնց ասեք, միայն թե լռեք

Արսեն Գրիգորյան. Ոնց ասեք, միայն թե լռեք

Իմքայլական Հովիկ Աղազարյանը Ռոբերտ Քոչարյանին համարել է ուժեղ անհատականություն, ինչպես Ստալինը եւ Հիտլերը։ Հետո ափսոսում է, որ էս մարդիկ իրենց ներուժն «ի չարս են գործադրել»։

Հիտլերի ու Ստալինի պարագայում չգիտեմ՝ ի վիճակի՞ էին այլ կերպ վարվելու, այսինքն, ունեի՞ն էդքան խելք։ Քոչարյանի պարագայում վստահ եմ՝ չուներ։ Ինչ էլ մտածեր՝ կամ հոկտեմբերի 27 էր դուրս գալու կամ մարտի 1։ Ես չէի քննարկի Քոչարյանի վայրենության ծավալների խղճուկությունը մյուս երկուսի արածների համեմատ։ Էդքանն է «կարողացել» մեր Ադոլֆը, էդքանն է արել։ Խնդիրն այն է, թե ինչպես եւ ինչով է բացատրվում Հովիկ Աղազարյանի էդ խղճմտանքի պոռթկումը մեր Ադոլֆի հանդեպ։ Այսպիսի մարդկանց նույնիսկ պիցցա բաժանել պետք չէ, ուղղակի բխում են։ Տարիքով մեծ մարդ է, իհարկե, Հովիկ Աղազարյանը եւ փորձել է արժեւորել հրեշին, նրա մեջ փորձել է գծեր տեսնել, որոնք կարելի էր ճիշտ օգտագործել։ Բայց երբ դու ամենավերեւում ես ու քեզ ոչ մեկի կարծիքը հետաքրքիր չէ, երբ միանձնյա ես որոշում ում գլուխն ուտել, ինչպես դա տեղի ունեցավ Պողոս Պողոսյանի պարագայում, միանձնյա ես որոշում իրենց տներից դուրս շպրտել Հյուսիսային պողոտայի բնակիչներին, քանի՞ գրոշ արժե քո մեծ լինելը։

Ընդհանրապես ի՞նչը արժեւորես, տարբերակ ուներ՝ չարե՞ց։ Էդ մարդը երբեք Հայաստանի հետ ընդհանուր գծեր չի ունեցել։ Էդ մարդը եկավ թե չէ, սպանությունների Պանդորայի արկղը բացվեց Հայաստանում։ Իր «նատուռայով» այդ մարդը նույնիսկ ընտրություն չուներ՝ բռնանա՞լ, թե չբռնանալ։ Որովհետեւ ընտրող չէր, ինչպես ընտրվող չէր։ Սա է եղել այդ մարդու ձեռագիրը, ի՞նչ կապ ունի ուժե՞ղ էր, թե նույնիսկ Տիտան։ Գուցե ժամանակն է, որ «Իմ քայլ»-ում կողմնորոշվե՞ն, թե ով ինչ է խոսում։ Հովիկ Աղազարյանը հաճախ է «մոռանում, թե ինչու ենք հավաքվել»։ Նա շատ կասկածելի անցյալ ունի, եղել է դաշնակցական, գուցե ժամանակին վայելել է Ռոբերտ Քոչարյանի համակրանքը։ Հիմա բոլոր դեպքերում «գյուղխորհրդի մատյաններից մինչեւ ՄԱԿ-ի մատյանները» գրված է, որ էդ մարդու օրոք Հայաստանը խոտանված պետություն էր, որտեղ հանրահավաքները ճնշվում են բիրտ ուժով, փակվում է անկախ հեռուստաընկերություն, իսկ Սահմանադրական կարգը Գյուլնազ տատի հեքիաթ է։ Էս ամբողջում որտե՞ղ երեւաց Ռոբերտ Քոչարյանի ուժեղությունը։ Ու՞մ է ինչ-որ բան փորձում հասկացնել պարոն Աղազարյանը, ի՞նչ չկերված կամ չմարսված պիցցայի մասին է հաշվետվություն ներկայացնում։

Հասկացանք, որ «Իմ քայլ»-ում երբեմն ով ինչ ուզում ասում է, եւ հեղափոխության բառապաշարը հաճախ ասես ասելիք ունենալու համար որոշ ընկալումներ վերցնի հակահեղափոխությունից՝ միայն թե հետ չմնա, մի բան ասի։ Ժողովուրդ, ձեր խնդիրը հենց լռել չկարողանալու մեջ է։ Խոսում եք, ու պարզվում է՝ Քոչարյանն ուժեղ է, ստամբուլյան կոնվենցիան տուն է քանդում, իսկ Գեղամ Պետրոսյանը մի հայրենասեր մարդ է, որը զենք բռնել էլ չգիտի։

Ո՛նց ասեք, միայն թե լռեք։