09.08.2019 11:25

ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց

ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց

2019 թ․ օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը եւ ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում ունեցան ՀՀ Գլխավոր դատախազի հետ։

Հանդիպման նախաձեռնողները հ/կ ներկայացուցիչներն էին։ Թեման՝ քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։ Զրույցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն եւ դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը գիտակցում է քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացման անհրաժեշտությունը, ավելին՝ այս ուղղությամբ ունի արդեն ձեռնարկած քայլեր, եւ պատրաստ է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների ենթարկված քաղաքացիների արդարացման իրավական գործընթացը` նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների, դատական սխալի եւ արդարադատության բուն էության խախտման հիմքերով ավարտին հասցնել: 

Իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյան