10.08.2019 21:01

Միքայել Մինասյան. Հանկարծակի «օբյեկտիվ» դարձածը

Միքայել Մինասյան. Հանկարծակի «օբյեկտիվ» դարձածը

Հեղափոխությունից հետո ակտիվացել են շատերը, դրանց թվում` քաղաքական ստվերից դուրս եկած Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որի անվան հետ էին կապում 2008 թվականից հետո իշխանական քարոզչական վերահսկողությունը:

Մի քանի հոդվածներով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին մեսիջներ հղած Մինասյանն այս անգամ արձագանքել է Մարտի մեկի հետ կապված վերջին քննարկումներին եւ մասնավորապես՝ մարտի 1-ից առաջ սահմանից Երեւան զինվորականներ բերելու հարցի վերաբերյալ թեժ բանավեճերին, որոնց կենտրոնում այս անգամ հայտնվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը:

Եւ ահա մեր «հերոսը» հայտարարում է, թե վերջին 30 տարվա մեր հերոսների հանդեպ «վհուկների որս է» հայտարարվել, որի շրջանակներում էլ «թիրախավորվել է» Կարապետյանը:

Եւ որպեսզի իր խոսքին անաչառություն հաղորդի, մեր «հերոսը» հայտարարում է, թե իր համար հավասարապես հերոսներ են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

Ընդհանրապես, քաղաքական դաշտը համահարթեցնելու, բոլոր գործիչներին հավասարեցնելու, մի նժարի վրա դնելու ջանքերը նոր չեն: Այսպես են արել եւ անում բոլոր նրանք, ովքեր, իրենց մտքին եղած քաղաքական մեսիջը տարածելու համար, փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք որեւէ մեկի կողմնակիցը չեն եւ կամ՝ բոլորին էլ նույն աչքով են նայում: Այսինքն, կեղծ օբյեկտիվություն են խաղում:

Այս ամբողջ պատմության մեջ ապշելուն այն է, որ նույն բանն անում է ինքը` Մինասյանը:

Ապշելու, քանի որ նա զարթնել ու հանկարծ որոշել է «օբյեկտիվ» դառնալ, այն՝ ինչ չէր մինչեւ այսօր:

Այ, որ Մինասյանի համար Քոչարյանն ու Սարգսյանը հերոսներ են՝ զարմանալի չէ, որովհետեւ նրանց եւ հատկապես վերջինիս շնորհիվ է Մինասյանը դարձել այն, ինչ` էր, եւ այն, ինչ կա:

Հարցն այն է, որ այս սուբյեկտիվությունը լղոզելու համար Մինասյանը որպես օգնության կանչ օգտագործում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը` հայտարարելով, թե «չի կարելի բարդույթավորվել և Լևոն Տեր-Պետրոսյանին չանվանել հերոս: Որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի ղեկավարն է եղել մեր պետության և ժողովրդի համար օրհասական ժամանակներում, լինել-չլինելու երկընտրանքի ժամանակներում: Եվ, որպես ալեկոծված ծովում հայտնված նավի նավապետ` նա և իր թիմը կարողացան նավը բարեհաջող նավահանգիստ հասցնել»:

Այո, մեջբերումը ճշմարտություն է, բայց առավել կարեւոր է այն, թե ասողն ով է եւ ինչի է հենց հիմա դրա մասին խոսում:

Եթե Մինասյանն իրապես օբյեկտիվ է եւ ոչ թե փորձում է ճշմարտությունը շահարկել, ապա դրա մասին պիտի խոսեր շատ ավելի վաղ: Այնինչ, տարիներ շարունակ մենք հակառակի ականատեսն ենք եղել` տեսել ենք նրան ենթարկվող ԶԼՄ-ների ագրեսիվ հակաքարոզչությունը նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ` համեմված հորինածին մեղադրանքներով:

Տարիներ շարունակ իշխանական մամուլը եւ հատկապես հեռուստաընկերությունները չեն խորշել, Մինասյանի ասած՝ «ժողովրդի համար օրհասական օրերը» ներկայացնել որպես «մթի ու ցրտի» տարիներ, տիրաժավորել այն միֆերը, որոնց ստեղծման նպատակը մեկն է եղել` անկախության առաջին տարիների բոլոր հաջողություններն անջատել նախագահ Տեր-Պետրոսյանից եւ վերագրել դրանք այլ անձանց` այդպիսով փորձելով նվազեցնել կամ չեզոքացնել Առաջին նախագահի դերակատարությունը կարեւորագույն հաղթանակներում եւ փորձելով վերջինիս ներկայացնել իբրեւ «Արցախը ծախող»:

Սա եղել է հստակ քարոզչական գիծ, որն ապահովելու համար աշխատել են որոշակի գրաքննիչներ, որոնք ոչ միայն գծում էին «կարելի»-ի ու «չի կարելի»-ի շրջանակը, այլեւ անգամ մոնտաժներին էին հետեւում ուշի ուշով, որպեսզի անգամ մեկ վայրկյան որեւէ կադրում նախագահ Տեր-Պետրոսյանը չերեւա:

Այնպես որ, ինչպես ասում են` ով էլ խոսի այդ թեմայով, դա Մինասյանը չպետք է լինի:

Իսկ ընդհանրապես, որեւէ վհուկների որս էլ չկա: Ընթանում է քննություն, եւ դրա շրջանակներում բոլորը պետք է պատասխան տան իրենց արածերի համար:

Պատասխանատվությունից խուսափելու համար չարժե հանկարծակի հիշել իրականությունը եւ փորձել շահարկել:

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ճշմարտությունը հավերժ չես թաքցնի, եւ այո, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, գալու է այն օրը, երբ պարզ կդառնա, թե «ով ինչ է արել Արցախի համար, եւ ով էր իրականում ծախում այն»:

 

Քրիստինե Խանումյան