10.08.2019 11:35

Կոնգրեսի շնորհավորանքը Երվանդ Մանարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Կոնգրեսի շնորհավորանքը Երվանդ Մանարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Այսօր լրանում է հայ թատերական արվեստի մեծերից մեկի՝ դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի 95-ամյակը։

Պետական ու պաշտոնական կոչումների կողքին ու դրանցից վեր, մեծատաղանդ արվեստագետի ամենաբարձր կոչումը համաժողովրդական այն անկեղծ սերն է, որ նա առատորեն վաստակել է իր նույնքան անկեղծ արվեստի դիմաց։ Երվանդ Մանարյանն այն եզակիներից է, որ սիրելի դերասանի կերպարը հարստացրեց նաև մտավորականի ու քաղաքացու վեհ կեցվածքով՝ բռնապետության դեմ քսանամյա պայքարում անվարան կերպով կանգնելով Հայաստանի ու նրա ազատատենչ քաղաքացիների իղձերի իրականացման համար մղված պայքարի կողքին։

Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է սիրելի մաեստրոյին ծննդյան 95-ամյակի առթիվ, մաղթում նրան քաջառողջություն ու երիտասարդական կորով՝ դեռ երկար տարիներ իր ներկայությամբ ու իմաստնությամբ հայ ժողովրդին ոգեշնչելու համար։