13.08.2019 13:10

3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը

3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը

Հայտնի են «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնող մասնագետները, հաղորդում է Daily Mail-ը:

Ցուցակում տեղ են գտել Դևիդ Մոյեսը, Տիերի Անրին և Կառլո Անչելոտին: «Ինտեր Մայամիի» համասեփականատերն Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն է:

Մոյեսը գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնն» ու «Ռեալ Սոսյեդադը»: Մասնագետն այժմ առանց աշխատանքի է: Մոյեսի վերջին ակումբը եղել է «Վեսթ Հեմը», որտեղից նա հեռացել է 2018 թվականին:

Անրին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականին՝ հանդես գալով ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 3 ամիս՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա ներկայումս մարզում է «Նապոլին»: Բեքհեմը «Միլանում» ու ՊՍԺ-ում հանդես է եկել հենց իտալացի մասնագետի գլխավորությամբ:

«Ինտեր Մայամին» մյուս մրցաշրջանից խաղալու է ՄԼՍ-ում: Ակումբը սեփական ստադիոն կունենա 2021 թվականից, իսկ մինչ այդ տնային հանդիպումները ժամանակավորապես կանցկացնի այլ վայրում: