14.08.2019 09:00

Լեւոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Լեւոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց արագ շախմատի մրցաշարը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։

Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակով սկսելուց հետո Արոնյանը 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։

Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Մաքսիմ Վաշյե-Լագրավին, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ, 5-րդ տուրում պարտության մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, 6-րդ տուրում ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ։