14.08.2019 14:06

Քննարկվում է Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նախագիծ. Արմենպրես

Քննարկվում է Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդրի լուծման նախագիծ. Արմենպրես

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային խնդրի լուծման համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագիծը ներկայացված է e-draft.am կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների  արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: 

Գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանի 108 ընտանիք: Մյուս ընտանիքները հնարավորություն կունենան օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:

Որոշմամբ շահառու են հանդիսանում ժամանակավոր բնակության վայրերում կամ կացարաններում՝ «Սեբաստիա» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) և Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակվող այն փախստական ընտանիքները, ովքեր համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին և Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնասիրությամբ փաստացի բնակվում են իրենց հատկացված ժամանակավոր բնակության վայրում կամ կացարանում:

Որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությանը: